Ավարտվեց Անգլիկան եկեղեցու պետի պաշտոնական այցը Հայաստան
Սեպտեմբերի 25-ին ավարտվեց Քենթրբերիի Արքեպիսկոպոս դոկտոր Ռոուան Վիլյամսի պաշտոնական այցելությունը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի:
Մինչ Անգլիկան եկեղեցու պատվիրակության մեկնումը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը եւ Քենթրբերիի Արքեպիսկոպոս դոկտոր Ռոուան Վիլյամսը Մայր Աթոռի միաբանների ուղեկցությամբ Վեհարանից առաջնորդվեցին դեպի Մայր Տաճար, ուր Իջման Սուրբ Սեղանի առջեւ կատարվեց աղոթքի եւ հրաժեշտի արարողություն:
«Գոհություն ենք հայտնում Ամենակալին անցնող հիշարժան չորս օրերի համար, որ վայելեցինք միասին` ամրագրելով Մեր եղբայրական սերը եւ հարստացնելով Մեր հարաբերությունների պատմությունը:
Ձերդ Սրբազնության այցելության օրերին մենք առիթն ունեցանք նաեւ մեր մտահոգությունը կիսելու Քրիստոսի Սուրբ Եկեղեցու եւ ժամանակակից մարդու առջեւ ծառացած մարտահրավերների շուրջ: ...Մենք` որպես հոգեւոր առաջնորդներ, մտահոգված ենք աշխարհում խաղաղությունը վտանգող երերուն կացությամբ: Մեզ հուզում են աճող աշխարհայնությունն ու դրա հետեւանքները համընդհանուր քրիստոնեական կյանքում: Մեր ուշադրության կենտրոնում են կրոնական ծայրահեղականության եւ պատերազմի զոհ դարձած կինն ու երեխան, հարուստ ու բարգավաճ երկրներում ապրող, բայց ժամանակակից կյանքի արատավոր երեւույթների թելադրմամբ քրիստոնեական արժեքներից հեռացած պատանին: Մտահոգ ենք, քանի որ ժամանակակից կյանքի մարտահրավերներին դեմ հանդիման Քրիստոնեական Եկեղեցիների համագործակցության մեջ տակավին ամբողջությամբ չի ամրապնդվել մրցակցության փոխարեն սիրո հրամայականներով առաջնորդվելու եղբայրության ոգին:
Հրամայական է Մեզ համար երիտասարդ սերնդի Քրիստոնեական դաստիարակությունն ու Ավետարանի պատգամներից բխող բարոյական արժեքների տարածումը, գիտության ձեռքբերումներով զինված եւ Քրիստոսի Եկեղեցու հոգեւոր հարուստ ժառանգությանը հավատարիմ հոգեւորական նոր սերունդների պատրաստությունը, միմյանց ավանդությունների ուսումնասիրությունն ու փախադարձ շփումների խթանումը», - ասաց Ամենայն Հայոց Հայրապետը: Նորին Սրբությունը կարեւոր նկատեց, որ Եկեղեցիները գործեն համատեղ եւ համընդհանուր ձայնը բարձրացնեն` բացառելու ցավն ու տառապանքը մարդկային կյանքում:
Ապա ներկաներին իր խոսքն ուղղեց Քենթրբերիի Արքեպիսկոպոսը: Նորին Սրբազնությունն ներկայացրեց իր տպավորությունները հայ ժողովրդի խորը հավատի եւ Աստծո հանդեպ հավատարմության մասին: «Հայաստանում ամենուրեք մենք տեսանք քարերի վրա փորագրված խաչքարեր, ինչը վկայում է, որ Տիրոջ խաչն իրապես խորը դրոշմված է ողջ հայ ժողովրդի սրտում: Դա վկայում է, թե որքան մեծ է Աստծո նկատմամբ սերը հայ ժողովրդի կյանքում», - ասաց Արքեպիսկոպոսը: Իր խոսքում նա նշեց, որ եկեղեցիները մեկմեկու կարիքն ունեն եւ պետք է միասին աղոթեն, վկայեն, միմյանցից սովորեն ու համագործակցեն:
Նա իր շնորհակալությունն ու երախտագիտությունը հայտնեց Նորին Սրբությանը ջերմ հյուրընկալության եւ երկու Եկեղեցիների միջեւ առկա սերտ հարաբերությունների համար: