Ավարտվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի հովվապետական այցը Ջավախք

Ավարտվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի հովվապետական այցը Ջավախք 16.06.2011

Հունիսի 15-ին` հովապետական այցի վերջին օրը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելեց Ջավախքի մի շարք հայաբնակ շրջաններ:

Առավոտյան Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելեց Սամցխե-Ջավախքի Ընդհանուր առաջնորդական փոխանորդության առաջնորդարան, ուր նրան ողջունեց փոխառաջնորդ Տ. Բաբկեն աբեղա Սալբիյանը` ներկայացնելով փոխառաջնորդության կողմից իրականացվող ծառայությունը:

Այնուհետեւ պատվիրակությունն ուղեւորվեց Նինոծմինդա: Քաղաքի մատույցներում Հայ եւ Վրաց Եկեղեցիների հովվապետերին ողջունեցին տեղի ղեկավարությունը գլխավորությամբ Նինոծմինդայի շրջանային ժողովի նախագահ Վլադիմիր Ստամբոլցյանի եւ Նինոծմինդայի շրջանային վարչության նախագահ Սամսոն Փնջոյանի, հոգեւոր դասը եւ համայնքային գործիչներ, ապա քաղաքի կենտրոնական հրապարակում տեղի ունեցավ հանդիպում ժողովրդի հետ, ներկաներին իրենց պատգամը հղեցին Ամենայն Հայոց Կաթողիկոսը եւ Վրաց Պատրիարքը: Այցի առիթով կազմակերպվել էր նաեւ ժողովրդական տոնախմբություն:

ՙՈւրախ ենք մեծապես, որ Սամցխե-Ջավախքում եկեղեցասեր ու ազգասեր հայորդիներդ հաստատուն ու անխաթար եք պահում հավատավոր կյանքը` խարսխված ազգային մեր նվիրական արժեքներին, մեր լույս հավատքին, մեր Սուրբ Եկեղեցուն: Տեղյակ ենք, որ ձեր ազնիվ աշխատանքով, ջանքեր եք բերում Վրաստանի առաջընթացին, նպաստում երկրում բարօրության ու վերազարթոնքի համար իրականացվող ծրագրերին ու գործըթացներին: Սիրելիներ, գիտենք նաեւ, թե ինչպիսի տոկունությամբ եք դիմագրավում տարբեր մարտահրավերներ ու դժվարություններ, որոնց մեջ, սակայն, վառ եք պահում հույսն ու լավատեսությունը, առավել շեն ու բարօր կյանք կերտելու վճռականությունը՚, - ասաց Վեհափառ Հայրապետը` ընդգծելով, որ աշխարհասփյուռ հայ ժողովուրդը, ինչպես ամենուր, Վրաստանում եւս, վկայեց, որ հայությունը, իր հոգում միշտ պայծառ է պահում հավատքի աստվածապարգեւ լույսը, որը միշտ ճառագում է հավատացյալի սրտում, եւ երբեք չի դադարում հայ հավատացյալի եւ հոգեւորականի աղոթքը, չի պարպվում հույսն ու սերը, չի լռում հայալեզու խոսքը:

Ժողովրդի հետ հանդիպումից հետո Ամենայն Հայոց Կաթողիկոսը եւ Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարքն եղան Խոջաբեկի Սուրբ Սարգիս հայկական եկեղեցում, որտեղ կատարվեց աղոթք:

Այնուհետեւ ի պատիվ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տեղի իշխանությունների կողմից Նինոծմինդայում տրվեց պաշտոնական ճաշ, որի ընթացքում Վեհափառ Հայրապետը օրհնության գրեր շնորհեց մշակույթի անվանի գործիչ Ժորա Սնխչյանին, գործարարներ Արամ Սանոսյանին եւ Արմեն Ղարսլյանին:

Այնուհետեւ Հայրապետական շքախումբն ուղեւորվեց դեպի Վահան Տերյանի ծննդավայր Գանձա գյուղը: Ճանապարհին պատվիրակությունը կանգ առավ Սաթխա գյուղի հերոսամարտի Խաչքարի եւ 1989 թվականի ապրիլի 9-ի հիշատակի հուշարձանի մոտ: Վեհափառ Հայրապետը ծաղիկներ դրեց հուշակոթողին, կատարվեց հոգեհանգստյան աղոթք, ապա Նորին Սրբությունն իր պատգամը հղեց հավաքված հարյուրավոր հայորդիներին:

Գանձա գյուղում Ամենայն Հայոց Կաթողիկոսը նախ այցելեց Սուրբ Կարապետ հայկական եկեղեցի` իր օրհնությունը բերելով եկեղեցու կամարների ներքո խմբված ժողովրդին, ապա եղավ Վահան Տերյանի տուն-թանգարանում, ուր Ամենայն Հայոց Կաթողիկոսին ողջունեց թանգարանի տնօրեն Վաղարշակ Թանգամյանը:

Նինոծմինդայի շրջանի հայրապետական այցելության ավարտին շարասյունը ուղեւորվեց դեպի Ծալկայի շրջան: Ծալկայի շրջանի Այազմա գյուղում, հակառակ հորդառատ անձրեւի, Ամենայն Հայոց Կաթողիկոսի մեծ խանդավառությամբ ողջունեցին Ծալկայի հայությունը եւ տեղի իշխանությունները: Հանդիպման առիթով Հայոց Հայրապետին ողջունելու եկած ժողովրդին իր օրհնությունը բաշխեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը: ՙՊատմական այս բնակավայրում, բնության գեղաշուք գրկում, հազարավոր հայորդիների ոգեշնչման աղբյուր հանդիսացած Փարվանա լճի մոտ հանգրվանած` դու°ք, սիրելի° հավատավոր ժողովուրդ, անմասն չեք Վիրահայոց թեմում սկսված ազգային-եկեղեցական, մշակութային վերելքից: Այսօր Հայրապետիս սիրտն առանձնահատուկ ջերմությամբ եւ հոգեւոր զվարթությամբ է համակված, քանզի տեսնում ենք մեր Եկեղեցու հարազատ զավակներիդ հավատքի մեջ ամուր, հայրենական արժեքների հանդեպ նախանձախնդիր, ձեր տունը շենացնելու, հոգեւոր ու ազգային ձեր կյանքը զորացնելու նվիրումով լեցուն եւ բարի հույսով` դեպի ապագան: Ձեզ այստեղ համախմբել է սերը Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի հանդեպ, հավատարմությունը ազգային ավանդներին եւ մշակույթին, որոնցով կրթվել ու դաստիարակվել եք եւ որոնք ուզում եք փոխանցել ձեր զավակներին՚, - ասա Նորին Սրբությունը` հորդորելով ջանք եւ եռանդ չխնայել` ազգային ինքնությունն ու արժանապատվությունը, հայրենի սրբազան ավանդները պահպանելու նախանձախնդրության մեջ: ՙՇարունակեք հայրենի բառ ու բանով, ազգասիրության ու հայրենասիրության ոգով սնել ձեր կյանքը եւ դաստիարակել մատաղ սերնդին, որը մեր ապագա հոգեւորականն է, հայ մշակույթի ու գիտության անխոնջ մշակը, ազգային գործիչը՚, - հորդորեց հայորդիներին Վեհափառ Հայրապետը:

Հանդիպումից հետո վրացական Ժդանովական գյուղի սահմանակետում Ամենայն Հայոց Կաթողիկոսը եւ Վրաց Պատրիարքը հրաժեշտ տվեցին միմյանց, ապա Ամենայն Հայոց Հայրապետն իր շքախմբով, ավարտելով միջեկեղեցական եւ հովվապետական այցը Վրաստան, վերադարձավ Մայր Աթոռ Ս. Էջմիածին: