Ավարտվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի հովվապետական այցը ԱՄՆ Հայոց Արեւմտյան թեմ
Սեպտեմբերի 19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ավարտելով հովվապետական այցը Ամերիկայի Միացյալ Նահանգների Հայոց Արեւմտյան թեմ, վերադարձավ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին:
Նորին Սրբությանը ուղեկցում էին` Կոտայքի թեմի առաջնորդ Տ. Առաքել եպիսկոպոս Քարամյանը, Գեղարքունյաց թեմի առաջնորդ Տ. Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը, Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Տ. Վարդան աբեղա Նավասարդյանը, Մայր Աթոռի «Էջմիածին» պաշտոնական ամսագրի փոխխմբագիր Տ. Շահե աբեղա Անանյանը, Օտարալեզու մամուլի բաժնի պատասխանատու Տ. Կտրիճ քահանա Դեւեջյանը եւ Տ. Անանիա աբեղա Ծատուրյանը, իբրեւ գավազանակիր:
Մինչ հովվապետական այցի մեկնարկը` սեպտեմբերի 9-ին, Բոստոնում, հանդիսապետությամբ Վեհափառ Հայրապետի կատարվեց Հայոց Ցեղասպանության հիշատակին նվիրված հուշակոթողի` «Հայ ժառանգության զբոսայգու» հիմնօրհնեքը, որին մասնակցում էին Մասաչուսեթսի նահանգային եւ քաղաքային իշխանությունների ներկայացուցիչները` գլխավորությամբ Մասաչուսեթսի նահանգապետ Դըվալ Պատրիկի:
Նույն օրը Նորին Սրբությունը, ընդառաջ թեմակալ առաջնորդ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի եւ թեմական խորհրդի հրավերի, մեկնեց ԱՄՆ Հայոց Արեւմտյան թեմ, Լոս Անջելես` հանդիսապետելու Բըրբենքում Սրբոց Ղեւոնդյանց առաջնորդանիստ եկեղեցու օծման արարողությանը:
Սեպտեմբեր 11-ին ձեռամբ Ամենայն Հայոց Հայրապետի կատարվեց Սրբոց Ղեւոնդյանց Մայր եկեղեցու օծումը` առընթերակայությամբ 12 եպիսկոպոսների: Հընթացս արարողության օծվեց նաեւ հատուկ խաչքար-հուշակոթող` ի հիշատակ 2001թ. սեպտեմբեր 11-ին ԱՄՆ-ում տեղի ունեցած եղերական դեպքերի պատճառով զոհված անմեղ զոհերի: Հանդիսությանն իր մասնակցությունն էր բերել Լոս Անջելեսի քաղաքապետ Անտոնիո Վիարագոսան:
Սեպտեմբեր 12-ին, Խաչվերացի տոնին, նորաօծ Սրբոց Ղեւոնդյանց առաջնորդանիստ եկեղեցում մատուցվեց Հայրապետական Սուրբ Պատարագ, որի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական իր պատգամն ու օրհնությունը բերեց թեմի բարեպաշտ ժողովրդին: Երեկոյան ի պատիվ Ամենայն Հայոց Հայրապետի տրվեց պաշտոնական ճաշկերույթ:
Այցի ընթացքում Նորին Սրբությունը տարբեր հանդիպումներ ունեցավ թեմական խորհրդի, թեմի եկեղեցականների, թեմական կառույցների ներկայացուցիչների եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բարերար հայորդիների հետ: