Ավարտվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի այցը Սանկտ-Պետերբուրգ

Ավարտվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի այցը Սանկտ-Պետերբուրգ 30.06.2011
Ավարտվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի այցը Սանկտ-Պետերբուրգ

Հունիսի 29-ի առավոտյան, հովվապետական այցի շրջանակներում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը շքախմբի ուղեկցությամբ այցելեց Վասիլեւսկի կղզու վրա գտնվող հայկական գերեզմանատան Ս. Հարություն եկեղեցի:

Տաճարում մատուցված աղոթքից հետո Նորին Սրբությունը ծաղիկներ դրեց գերեզմանատանն ամփոփված` հայ ազգի եւ Սանկտ-Պետերբուրգի հայ համայնքի կյանքում մեծ ներդրում ունեցած նշանավոր հայորդիների շիրիմներին:

Այնուհետեւ Վեհափառ Հայրապետի գլխավորած պատվիրակությունը մեկնեց Վսեվոլոժսկ շրջկենտրոն, ուր Նորին Սրբությունն այցելեց Ս. Մարիամ Աստվածածին հայկական եկեղեցի` կառուցված բարերարությամբ Սամվել Մովսիսյանի: Եկեղեցու մուտքի մոտ Վեհափառ Հայրապետին, թեմակալ առաջնորդին եւ հայրապետական շքախմբին դիմավորեցին եկեղեցու հոգեւոր հովիվ Տ. Արշակ քահանա Նազարյանը եւ բարերարը, Վսեվոլոժսկի շրջանի ղեկավար Ալեքսանդր Սոբոլենկոն եւ Կոլտուշի շրջկենտրոնի ղեկավար Էդուարդ Չիրկոն, Վսեվոլոժսկի բնակիչները: «Հրաշափառի» երգեցողության ներքո Նորին Սրբությունը մուտք գործեց եկեղեցի, ուր հայրապետական իր պատգամն ու օրհնությունը բերեց ներկա ժողովրդին եւ տեղական իշխանությունների ներկայացուցիչներին: Վեհափառ Հայրապետը նաեւ մասնավոր գնահատանք հայտնեց եկեղեցու բարերարին, ում ազնիվ աջակցությամբ ստեղծվել են բոլոր անհրաժեշտ պայմանները շրջանի հայության հոգեւոր կարիքների բավարարման համար: Իր խոսքում Նորին Սրբությունը հորդորեց հայորդիներին` հավատարիմ հայրերի հավատին եւ ավանդներին պահպանել իրենց լեզուն եւ մշակույթը եւ իբրեւ արժանավոր քաղաքացիներ Ռուսաստանի շարունակել իրենց կարեւոր նպաստը բերել երկրի առաջընթացին: Վեհափառի պատգամին հաջորդեց կոմիտասյան «Տէր ողորմեա»-ն, ապա հայրապետական «Պահպանիչ» աղոթքը:

Գարեգին Բ Հայրապետը ծանոթացավ նաեւ Սամվել Մովսիսյանի հովանավորությամբ Վսեվոլոժսկում կառուցվող հայկական հանրակրթական դպրոցի շինարարության ընթացքին: Կոլտուշի մարզկենտրոնում Նորին Սրբությունը ծաղկեպսակ զետեղեց Մեծ հայրենական պատերազմի ընթացքում զոհվածների հուշարձանին, կատարվեց հոգեհանգստայն աղոթք:

Նույն օրը, ավարտելով հովվապետական այցը Սանկտ-Պետերբուրգ, Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Լատվիայի Հանրապետություն: