Ավագ չորեքշաբթի
Ապրիլի 8- ին` Ավագ չորեքշաբթի հիշատակվում է Բեթանիայում կնոջ կողմից Հիսուս Քրիստոսի օծումը եւ Տիրոջ մատնությունը: Մեղավոր կինը նարդոսի ազնիվ ու թանկարժեք յուղով օծում է Հիսուսին: Այս մասին ավետարանիչները միմյանց լրացնող տեղեկություններ են հաղորդում: Աշակերտները բարկանում են, քանի որ այդ յուղը վաճառելով կարելի էր շատ աղքատների ողորմություն տալ: Աշակերտների այս տրտունջին Հիսուս պատասխանում է. «Աղքատներին ամեն ժամ ձեզ հետ ունեք, բայց ինձ միշտ ձեզ հետ չեք ունենա: Ճշմարիտ եմ ասում ձեզ, ուր էլ քարոզվի այս Ավետարանն ամբողջ աշխարհում, ինչ որ նա արեց, այդ եւս պիտի պատմվի նրա հիշատակի համար»: Կնոջ կողմից Հիսուսի օծումը կանխանշում էր նրա թաղվելը: «Իմ մարմնի վրա այդ յուղը թափելով` նա իմ թաղվելը կանխանշեց»,- ասում է Քրիստոս:
Ավագ չորեքշաբթի օրվա ավետարանական ընթերցումը հորդորում է չչարաշահել Աստծո ունեցած սերն ու վստահությունը եւ, հիշելով մարդկության համար նրա կրած չարչարանքներն ու մահը, չշեղվել ճշմարիտ ճանապարհից, երկրպագել ու փառավորել Աստծուն: