Ավագ Շաբաթ
Ավագ շաբաթ օրը նվիրված է Հիսուսի թաղմանը եւ գերեզմանի կնքմանը: Քրիստոս Հովսեփ Արեմաթացու ձեռքով իջեցվում է խաչափայտից, փաթաթվում պատանքով եւ դրվում վիմափոր գերեզմանի մեջ:
Երրորդ օրը Հիսուս հարություն է առնում, ինչպես որ Ինքն էր մարգարեացել իր մասին: Քրիստոս գերեզման դրվելով` իջնում է դժոխք եւ ավերում այն` փրկություն շնորհելով արդարների հոգիներին:
Շաբաթ երեկոյան բոլոր եկեղեցիներում, երեկոյան ժամերգության ավարտին, սուրբգրային ընթերցվածքներից հետո, մատուցվում է Ճրագալույցի Ս. Պատարագ: Ճրագալույց նշանակում է ճրագը վառել: Հնում ամեն կիրակի երեկոյան ձեթ էին լցնում կանթեղների մեջ եւ վառում: Հետագայում, սակայն, ճրագալույց սկսեցին անվանել երեկոյան պատարագը, որը Հայ Եկեղեցում կատարվում է բացառապես Ս. Ծննդյան եւ Ս. Հարության տոներին նախորդող օրվա երեկոյան:
Ճրագալույցի Ս. Պատարագի ընթացքում հավատացյալներին տրվում է Քրիստոսի հրաշափառ հարության ավետիսը` «Քրիստոս յարեաւ ի մեռելոց, օրհնեալ է յարութիւնն Քրիստոսի»: Այս ավետիսով էլ ավարտվում է Մեծ պահքը:
Ավագ շաբաթվա երեկոյան մատուցված ճրագալույցի պատարագով սկսվում է Հարության տոնը, իսկ կիրակի օրը Զատկական պատարագով այն վերածվում է համընդհանուր տոնախմբության: Հիսուսն Իր մահով հաղթեց մահվանը մարդ արարածներիս փրկության համար: