Ավագ Հինգշաբթի Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիսապետեց Ոտնլվայի արարողությունը
Ապրիլի 5-ին` Ավագ Հինգշաբթի, Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում սկսվեցին Ավագ Շաբաթվա հիմնական արարողությունները:
Հետմիջօրեին ձեռամբ Ն.Ս.Օ.Տ©Տ© Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարքի եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կատարվեց Ոտնլվայի արարողությունը: Սուրբգրային ընթերցումներից եւ օրվա խորհրդին նվիրված շարականների երգեցողությունից հետո Վեհափառ Հայրապետը օրհնեց յուղը, որն արարողությունից հետո բաշխվեց հավատացյալներին: Ըստ ավանդության, այն գործածվում է հիվանդությունների ժամանակ կամ խառնում տանն ունեցած յուղին:
Ապա, Տիրոջ օրինակով, Ամենայն Հայոց Կաթողիկոսը լվաց եւ յուղով օծեց Հայ Եկեղեցու նվիրապետական տարբեր աստիճանների տասներկու ներկայացուցիչների եւ ճեմարանականների ոտքերը:
Երեկոյան մինչեւ ուշ գիշեր կատարվեց Խավարման կարգը, որը հիշատակն է Հիսուս Քրիստոսի չարչարանաց եւ խաչելության: