Ավագ Հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

Ավագ Հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում 21.04.2011

 

Ապրիլի 1-ին, առավոտյան կանուխ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում սկսվեցին Ավագ Հինգշաբթի օրվա արարողությունները: Միածնաէջ Սուրբ Տաճարում առավոտյան ժամերգության ավարտին կատարվեց Ապաշխարողաց կարգը, ապա մատուցվեց Սբ. Պատարագ` ի հիշատակ մեր Տեր Հիսուս Քրիստոսի վերջին ընթրիքի ժամանակ Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատման:

Պատարագիչն էր Մայր Աթոռի միաբան Տ. Շահե աբեղա Անանյանը: Ս. Պատարագի ընթացքում Հոգեշնորհ Հայր Սուրբն ընթերցեց Ս. Բարսեղ Կեսարացու ճառը Ավագ Հինգշաբթի Ս. Հաղորդությունից առաջ:

Կեսօրից հետո Մայր Տաճարում կատարվեց Ոտնլվայի հոգեզմայլ արարողությունը: Միաբանների թափորը Ն.Ս.Օ.Տ©Տ© Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսին Վեհարանից առաջնորդեց Ս. Տաճար, ուր Նորին Սրբության հանդիսապետությամբ աղոթքների ընթերցումից հետո Ս. Խաչով եւ Ավետարանով օրհնվեցին յուղն ու ջուրը: Հայրապետական ՙՊահպանիչ՚ աղոթքից հետո Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հիսուս Քրիստոսի օրինակով ծնրադիր լվաց եւ օրհնված յուղով օծեց առաքյալներին խորհրդանշող 12 անձանց ոտքերը: Տասներկուսի մեջ էին երկու եպիսկոպոսներ, երկու վարդապետներ, երկու աբեղաներ, երկու ճեմարանականներ, երկու համալսարանական երիտասարդներ, երկու զինվորներ եւ երկու մանուկներ:

Ոտնլվան ավարտվեց Ավետարանի այն հատվածի ընթերցմամբ, ուր հիշատակվում է Քրիստոսի կողմից կատարված ոտնլվան:

Արարողությունից հետո օրհնված յուղը սարկավագները բաժանեցին ներկա հավատավոր ժողովրդին: