Աստվածաշնչի հայերեն թարգմանությանը նվիրված միջազգային գիտաժողովն ավարտեց իր աշխատանքը
Հոկտեմբերի 8-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում անցկացվող` Աստվածաշնչի հայերեն թարգմանությանը նվիրված միջազգային գիտաժողովն ավարտեց իր աշխատանքը:
Գիտաժողովի նիստը նախագահում էր Տ. Վահան վրդ. Հովհաննիսյանը: Նիստի ընթացքում զեկույցներով հանդես եկան ԱՄՆ-ից Դոկտ. Ջոզեֆ Ալեքսանյան («Գործք առաքելոց»-ի գրաբար բնագիրը եւ նրա կարեւորությունը Նոր Կտակարանի քննական բնագրի պատրաստման մեջ»), Կանադայից Կոդ Քոքսը («Հոբ» -ի հայկական քննական բնագիրը»), Մատենադարանի գիտաշխատող, «Մատենադարանի բարեկամներ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արշակ Բանուչյանը («Եվթաղյան տնատումները Նոր Կտակարանի հնագույն օրինակներում»), դոկտ. Վիգեն Ղազարյանը («Խորանների մեկնությունը աստվածաշնչի ձեռագրերում»):
Գիտաժողովը փակվեց Հայր Վահանի խոսքով: Հայր Սուրբն իր երախտագիտությունը հայտնեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին` գիտաժողովի կազմակերպմանն աջակցելու եւ գիտնականներին` մասնակցության համար: Նա հույս հայտնեց, որ նման ժողովներ պարբերաբար կկազմակերպվեն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հովանու ներքո եւ կհամախմբեն հայագետներին:
Փակումից հետո գիտաժողովի մասնակիցները մեկնեցին Օշական, ուր մասնակցեցին Սբ. Մեսրոպ Մաշտոց եկեղեցում մատուցվող Սուրբ եւ Անմահ Պատարագին: Սրբազան պատարագից հետո ներկա գտնվեցին եկեղեցու բակում զետեղված խաչքար-տառերի օրհնության արարողությանը: