Աստվածաբանական երկխոսություն Հռոմում

Սույն թվականի հունվարի 29-ին Վատիկանում իր աշխատանքներն է վերսկսել Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու եւ Հին Արեւելյան Ուղղափառ Եկեղեցիների աստվածաբանական երկխոսության միջազգային համատեղ հանձնախումբի պաշտոնական չորրորդ ժողովը, որի նախորդ հանդիպումը տեղի էր ունեցել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում: Ժողովի ընթացքում հիմնականում քննարկվում են Եկեղեցու առաքելությանը վերաբերող խնդիրներ:

Հայ Եկեղեցին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ ներկայացնում են Կենտրոնական Եվրոպայի Հայրապետական պատվիրակ գերաշնորհ Տ. Մեսրոպ արքեպիսկոպոս Գրիգորյանը եւ ԱՄՆ Հայոց Արեւելյան թեմի առաջնորդ գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը եւ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության ներկայացուցիչներն էին գերաշնորհ Տ. Օշական արքեպիսկոպոս Չոլոյանը եւ գերաշնորհ Տ. Նարեկ եպիսկոպոս Ալեմեզյանը:

Ժողովն սկսեց հունվարի 29–ին: Առաջին երկու օրերի նիստերին մասնակցում էին միայն Արեւելյան Ուղղափառ Եկեղեցիները, հընթացս որի քննարկվեցին երկխոսության նախապատրաստական աշխատանքները:

Հունվար 30–ին, ժողովից հետո, գերաշնորհ Տ. Մեսրոպ եւ Խաժակ սրբազանները, Իտալիո Հայոց Հոգեւոր Հովիվ Տ. ԱռԷն վարդապետ Շահինյանը հանդիպեցին Իտալիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Տիար Ռուբեն Շուգարյանին եւ հյուպատոս Տիար Գեւորգ Պետրոսյանին: Սրբազան հայրերը, գնահատելով հայ եւ իտալացի ժողովուրդների բարեկամական հարաբերությունների ամպրապնդմանն ուղղված մեծարգո դեսպանի գործունեությունը, նրան փոխանցեցին Գարեգին Բ Վեհափառ Հայրապետի օրհնություններն ու բարեմաղթանքները:

Հունվար 31–ին երկխոսությունն սկսվեց Արեւելյան Ուղղափառ եւ Կաթոլիկ Եկեղեցիների միջեւ` Կարդինալ Վալտեր Կասպերի եւ Բիշոյ մետրոպոլիտի ատենապետությամբ: Ժողովին ելույթ ունեցավ գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը «Առաքելություն, վկայություն, ծառայություն եւ մարդորսության խնդիրները» թեմայով:

Նույն օրը երեկոյան Սրբազան հայրերը հանդիպեցին նաեւ Հռոմում ուսանող Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբաններ Տ. Գեղարդ աբեղա Վահունու, Տ. Մուշեղ աբեղա Բաբայանի եւ Տ. Ռուբեն աբեղա Զարգարյանի հետ եւ հոգեշնորհ հայր սուրբերին փոխանցեցին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությունն ու բարեմաղթանքները: