«Ասպետ Սուրբ Էջմիածնի» տիտղոս և հայրապետական շքանշան` ազգային բարերար Նազար Նազարյանին

«Ասպետ Սուրբ Էջմիածնի» տիտղոս և հայրապետական շքանշան`  ազգային բարերար Նազար Նազարյանին  14.05.2013
«Ասպետ Սուրբ Էջմիածնի» տիտղոս և հայրապետական շքանշան` ազգային բարերար Նազար Նազարյանին

     Ամերիկայի Միացյալ Նահանգների Հայոց Արևելյան թեմ կատարած հայրապետական այցի ընթացքում` մայիսի 10-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ.  Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ներկա գտնվեց ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի և Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության կողմից կազմակերպված` ՀԲԸՄ հոգաբարձուների խորհրդի անդամ, ազգային բարերար տիար Նազար Նազարյանի մեծարման հանդիսությանը:
     Հանդիսության ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունը բերեց տիար Նազարյանին և նրան շնորհեց «Ասպետ Սուրբ Էջմիածնի» տիտղոս և հայրապետական շքանշան` ի գնահատություն Աստվածկառույց Սուրբ Էջմիածնի հավետ պայծառությանը որդիական սիրով ու նախանձախնդրությամբ բերած բացառիկ ավանդի ու աստվածահաճո ծառայությունների: «Մենք այսօր եկել ենք Ձեզ հետ միասին գոհաբանություն բարձրացնելու առ Աստված, որ ազգիս պարգևում է այսպիսի արժանավոր զավակներ, որոնք ապրում են իրենց կյանքը նվիրումով. նվիրումով երեք հիմնական արժեքների` ընտանիք, Հայրենիք և Եկեղեցի: Նազար և Արտեմիս Նազարյանների կյանքը բնորոշվում է այս երեք արժեքների ընդգրկումի մեջ. ընտանեասիրություն, հայրենասիրություն և եկեղեցանվիրում: …Բարի գործը, ավետարանի խոսքի համաձայն, նման է ցորենի հատիկի, որ ընկնելով հողի մեջ` չի կորչում, չի վերանում, չի անհետանում, այլ բազմապատիկ պտղաբերում է: …Մենք այսօր տեսնում ենք մեր ազգի արժանավոր զավակների բարեգործությունների բազմապատիկ արդյունքները, որ է շեն ու ծաղկող ազգային կյանք Սփյուռքի մեջ, ազատ ու անկախ հայրենի երկիր և պայծառացյալ Եկեղեցի: Հայցում ենք, որ Տերը միշտ վառ պահի Ձեր հոգիներում ընտանեասիրությունը, հայրենասիրությունը և եկեղեցանվիրումի զգացումը, որոնցով պիտի շարունակի հարատևել մեր ժողովուրդը դեպի իր կյանքի նոր հորիզոններ, դեպի նոր հազարամյակներ իր կյանքի», - օրհնության ու գնահատանքի իր խոսքում նշեց Վեհափառ Հայրապետը:
     Տիար Նազար Նազարյանն իր սրտաբուխ նվիրատվություններով շարունակ նպաստել է Սփյուռքի համայնքային, կրթական-սոցիալական ծրագրերին, միշտ եղել է հայապահպանության ջատագովն ու քարոզիչը: 1962 թ. ի վեր Լիբանանում գործում է Նազարյան դպրոցը, կառուցվել են սրահներ Բուենոս Այրեսի ՀԲԸՄ կենտրոնի, Կալիֆորնիայի ՀԲԸՄ Մանուկյան-Դեմիրճյան դպրոցի, Նյու Յորքի «Նուբար» ճամբարի համար: Նազարյան ընտանիքը կարևոր իր նպաստն է բերել Նյու Ջերսիի Սբ. Թովմաս եկեղեցու կառուցմանը, հաստատել է հատուկ հիմնադրամ, որը կրթաթոշակներ է ապահովում բարձրագույն ուսում ստացող հայ ուսանողների համար, աջակցել է Սփյուռքի տարբեր ազգապահպան ծրագրերի իրագործմանը:
     1988 թ. սոսկալի երկրաշարժի օրերից սկսյալ Նազարյան ընտանիքը սատար կանգնեց նաև Հայրենիքին` հատկապես ՀԲԸՄ կողմից իրագործվող բազմաթիվ ծրագրերի միջոցով զորակցելով նորանկախ Հայաստանի առաջընթացին, շինությանն ու պայծառությանը: Կարևոր իրագործումներից էր Լիբանանում ՀՀ դեսպանատան համար շենքի կառուցումը և ընծայումը Հայրենիքին, Ջեֆերսոնի անվան գերձայնային հետազոտությունների և կրթության ինստիտուտի հետ համատեղ ստեղծված գերձայնային հետազոտությունների կենտրոնի և Երևանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի ճառագայթային ախտորոշման և բուժման ՀԲԸՄ-ԵՊԲՀ «Լևոն և Կլաուդիա Նազարյան» ռադիոլոգիայի կենտրոնի հիմնումը: Նազարյան բարերարների հովանավորությամբ Երևանում այժմ կառուցվում է ՀԲԸՄ հայաստանյան նոր գրասենյակը:
     Ազգասեր ու եկեղեցաշեն բարերարները մշտապես սատարել են Մայր Աթոռ Ս. Էջմիածնին և Հայոց Եկեղեցուն: Նազար և Արտեմիս Նազարյանների ազնիվ բարերարությամբ Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակման 1700-ամյակի առիթով կառուցվեց Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու Ս. Տրդատ մատուռը: Նազարյան ընտանիքի առատաձեռն ընծայաբերումներով Մայր Աթոռում 2002 թ. հիմնանորոգվեց Ղազարապատի սարկավագների թաղը և միաբանական սեղանատունը, իսկ 2008 թ. կառուցվեց Դիվանատան շենքը: Հավատավոր Նազարյան ամուսիններն այսօր էլ շարունակում են զորավիգ լինել Ամենայն Հայոց Կաթողիկոսին և Մայր Աթոռ Ս. Էջմիածնի կրթական, սոցիալական ու հայապահպան առաքելությանը: