«Ասպետ Սուրբ Էջմիածնի» հայրապետական շքանշան` ազգային բարերար Լուիզ Մանուկյան Սիմոնին

«Ասպետ Սուրբ Էջմիածնի» հայրապետական շքանշան` ազգային բարերար Լուիզ Մանուկյան Սիմոնին

Վիդեո հաշվետվություն

     

ԱՄՆ Արևելյան հայոց թեմ կատարած հայրապետական այցի ընթացքում, նոյեմբերի 22-ին` Գոհաբանության օրը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը ազգային բարերար տիկին Լուիզ Մանուկյան Սիմոնին հանձնեց  2011թ. փետրվարին նրան շնորհված «Ասպետ Սուրբ Էջմիածնի» հայրապետական շքանշանը` Հայրենիքին, Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցուն և աշխարհասփյուռ հայ ժողովրդին մատուցած բացառիկ ծառայությունների համար:

Ամենայն Հայոց Հայրապետը բարձր է գնահատել տիկին Լուիզ Մանուկյան Սիմոնի ավանդը ազգային և եկեղեցական կյանքում: Մեծազնիվ բարերարը դուստրն է ազգանվեր ու եկեղեցասեր ծնողների` ՀՀ ազգային հերոս և ՀԲԸՄ ցմահ նախագահ հոգելույս տիար Ալեք Մանուկյանի և տիկին Մարի Մանուկյանի: Տիկին Լ. Մանուկյան Սիմոնը, իբրև ՀԲԸՄ նախագահ, սատար է կանգնել Հայրենիքին ինչպես խորհրդային, այնպես և ՀՀ անկախության տարիներին: Հատկապես մեծ է նրա ցուցաբերած զորակցությունը նորանկախ Հայաստանին ու Լեռնային Ղարաբաղին: Նրա ակնառու նախաձեռնությունների շարքին է պատկանում Ամերիկյան համալսարանի ստեղծումը Հայաստանում:

Բազմամյա իր ծառայության ընթացքում ՀԲԸՄ նախագահը  մշտապես զորավիգ է եղել նաև Մայր Աթոռ Ս. Էջմիածնին և Հայոց Եկեղեցուն: Նրա պաշտոնավարման ընթացքում սկիզբ առան և հաջող շարունակում են իրենց գործունեությունը Մայր Աթոռի և ՀԲԸՄ համատեղ կրթական և սոցիալական ձեռնարկները Հայաստանում` Հայորդյաց տների և բարեգործական ճաշարանների ծրագրերը, Մայր Աթոռ Ս. Էջմիածնին փոխանցվեց «Ս. Ներսես Մեծ» բժշկական կենտրոնը: Մեծազնիվ բարերարի ջանքերով Մանուկյան ընտանիքի կողմից հաստատվեց Մայր Աթոռի Միածնաէջ Ս. Տաճարի պահպանության հիմնադրամ, նաև նորոգվեց Մայր Տաճարը, բարեզարդվեց Մայր Աթոռի տարածքը, կառուցվեցին միաբանական և վարչա-տնտեսական շենքերը: Նրա իշխանավայել ընծաբերումներով Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակման 1700-ամյակի առիթով կառուցվեց Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցին, Մալաթիա-Սեբաստիա համայնքում վեր խոյացավ Ս. Երրորդություն հոյակերտ եկեղեցին, ավարտին է մոտենում Արաբկիրի վարչական շրջանի եկեղեցու շինարարությունը:


Տիկին Լուիզ Մանուկյան Սիմոնն այսօր էլ սրտաբուխ առատաձեռն նվիրատվություններով շարունակում է զորավիգ լինել Մայր Աթոռ Ս. Էջմիածնի առաքելությանը և Ամենայն Հայոց Հայրապետին` վկայելով իր հավատը, սերն ու հավատարմությունը ազգի, Եկեղեցու և Հայրենիքի հանդեպ: