Առնո Բաբաջանյանի 85-ամյակին նվիրված համերգ Վանաձորի Ս. Գր. Նարեկացի եկեղեցում
Վանաձորի առաջնորդանիստ Ս. Գր. Նարեկացի եկեղեցին վանաձորցիների համար ոչ միայն Աստծո տաճար ու աղոթքի տուն է, այլեւ հոգեւոր ու մշակութային օջախ: Եկեղեցու ներքնահարկ սրահում կատարվել են Զատկական ու Համբարձման հանդիսություններ, երիտասարդների հետ հանդիպումներ, բանախոսություններ:
Նոյեմբերի 13-ին Ս. Գր. Նարեկացի եկեղեցու եւ քաղաքապետարանի կամերային երգչախումբը եկեղեցու ներքնահարկ սրահում կազմակերպել էր համերգ` նվիրված երաժշտական արվեստի վառ ու ինքնատիպ կոմպոզիտոր եւ վիրտուալ դաշնակահար Առնո Բաբաջանյանի 85-ամյա հոբելյանին: Բաջանյանի սիմֆոնյաները, դաշնամուրային, վոկալ ու գործիքային ստեղծագործությունները հնչել են աշխարհի տարբեր երկրներում, եւ Հայաստանը հայտնի դարձրել իր երգարվեստով ու մշակույթով: Երգչախմբի (գեղ. ղեկավար` Ռ. Մխիթարյան) բարձարվեստ կատարումները հպարտությամբ ու բերկրանքով լցրին երաժշտասեր հանդիսատեսի հոգին, իսկ «Հորժամ», «Կիրակի», «Առաջին սիրո երգը», «Երգ սիրո մասին», «Նոկտյուրն» եւ հնչած բազմաթիվ այլ երգերը, շարականներն ու կոմպոզիցիաները ունկնդիրներին ստիպեցին անմիջական մասնակիցը դառնալու ժողովրդականություն վայելող բաբաջանյանական ստեղծագործություններին: Հանդիսությանը ներկա էին Գուգարաց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ եպս. Չուլջյանը, Ս. Գր. Նարեկացի եկեղեցու հոգեւոր հովիվ Տ. Վահան քհն. Ազարյանը, Ստ. Զորյանի տուն-թանգարանի տնօրեն, բանաստեղծուհի Լ. Անթառանյանը, ուսուցիչներ, աշակերտներ, դասական արվեստի բազմաթիվ երկրպագուներ:
Իր օրհնության եւ ողջույնի խոսքում սրբազան հայրը կոչ արեց տեր կանգնել մեր արվեստին ու մշակույթին` ի մասնավորի ասելով. «Խոնարհվում ենք հայ արվեստի առաջ եւ հպարտանում, որ հայ լավագույն երգահաններից մեկը` Առնո Բաբաջանյանը, աշխարհին ներկայացավ ու համաշխարհային ճանաչում ձեռք բերեց իր բարձրարվեստ ստեղծագործություններով»: Ներկաների հետ իր հույզերն ու ապրումները կիսեց երգչախմբի գեղ. ղեկավար Ռ. Մխիթարյանը` ասելով «Բազում համերգներ ենք ունենում տարբեր մշակութային օջախներում, սակայն եկեղեցու սրահում այն հնչում է յուրովի, խորհրդավոր: Իսկ թեմակալ առաջնորդ Սեպուհ սրբազանի քաջալերող խոսքերը միշտ էլ ոգեւորել են մեզ, ով ոչ միայն խոսքով, նաեւ գործով սատար ու օգնական է եղել մեզ բոլոր հարցերում»:
Հայ ազգային ու հոգեւոր մշակույթը դարեր շարունակ սնում եւ սնվում է` աշխարհի մշակութային գանձարանում ներկայանալով իր տաղանդաշատ հայորդիներով: Մնում է, որ մենք եւս տեր կանգնենք մեր հայրենիքին ու եկեղեցուն, արվեստին ու մշակույթին` ապահովելով հային արժանի ընթացքը դարերի քառուղիներում: