«Աջակցություն ընտանիքներին» ծրագիր

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ եւ ՀՀ Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի աջակցությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնը ԵՀԽ Հայաստանյան միջեկեղեցական բարեգործական «Կլոր սեղան» հիմնադրամի հետ համատեղ նախաձեռնել է «Աջակցություն ընտանիքներին» ծրագիրը:

Ծրագրի նպատակն է ամրապնդել Եկեղեցի-դպրոց-ընտանիք կապը, նպաստել հոգեւոր, ազգային, բարոյական արժեքների պահպանմանը, ապահովել դպրոցներում դասավանդվող հոգեւոր կրթության շարունակականությունն ընտանիքում:

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է Հայ Եկեղեցու հայաստանյան թեմերի եւ տեղական ինքնակառավարման մարմինների համագործակցությամբ դպրոցներում կազմակերպել հոգեւոր հայրերի հանդիպումներ ծնողների հետ: Հանդիպումների ընթացքում հոգեւոր հայրերը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու արժեհամակարգի համատեքստում կանդրադառնան ընտանեկան հիմնախնդիրներին, կլինեն քննարկումներ: Որպես օժանդակ նյութ` դպրոցներին եւ ծնողներին կտրամադրվի թեմատիկ գրականություն:

Ծրագրի շրջանակներում 2010 թվականի դեկտեմբերին ծխական քահանաների մասնակցությամբ իրականացվել է բովանդակային եւ մեթոդական բնույթի սեմինար-դասընթաց:

2011թ. փետրվարի 8-10-ը, Ծաղկաձորում, ՔԴԿ-ի աշխատակազմի մասնակցությամբ տեղի կունենա ծրագրի փուլային կառավարման վերաբերյալ սեմինար-դասընթաց: Վերջինիս ընթացքում դասախոսություններ կներկայացնեն հոգեւոր հայրեր, ՀՀ Կրթության եւ գիտության նախարարության, Կրթության պետական տեսչության եւ հասարակական տարբեր կառույցների մասնագետներ:

Ծրագրի հիմնական փուլը կմեկնարկի մարտ ամսից:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
Քրիստոնեական դաստիարակության կենտրոն