Ապրիլի 24` Հայոց Եղեռնի զոհերի հիշատակի օր
Ապրիլի 24-ին` 1915թ. Հայոց ցեղասպանության հիշատակության օրը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռի միաբանների ուղեկցությամբ այցելեց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:
Ծիծեռնակաբերդում Ամենայն Հայոց Հայրապետը եւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ծաղկեպսակներ զետեղեցին հուշահամալիրի մոտ:
Այնուհետեւ անմար կրակի մոտ Վեհափառ Հայրապետի նախագահությամբ կատարվեց հոգեհանգստյան արարողություն Եղեռնի նահատակների համար:
Արարողությանը ներկա էին ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ԱԺ պատգամավորներ, ՀՀ կառավարության անդամներ, պետական այրեր:
* * *
Նույն օրը Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում մատուցվեց Ս. Պատարագ: Պատարագիչն էր Մայր Աթոռի դիվանապետ Գերաշնորհ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը: Պատարագի ընթացքին Սրբազան Հայրն օրվա խորհրդի շուրջ քարոզ խոսեց:
Սուրբ Պատարագի ավարտին Մայր Տաճարի հարեւանությամբ գտնվող Աղոթքի եւ ուխտի խաչքարի մոտ, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց հոգեհանգստյան արարողություն:
Արարողություններին մասնակցեց նաեւ Անդրկովկասում Պապական նվիրակ մոնսինյոր Կլաուդիո արքեպիսկոպոս Գուջերոտտին: