Անգլիկան Եկեղեցու ուխտավորների այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

Անգլիկան Եկեղեցու ուխտավորների այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին 06.06.2014
Անգլիկան Եկեղեցու ուխտավորների այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

      Հունիսի 6-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Անգլիկան Եկեղեցու մի խումբ ուխտավորների` ուղեկցությամբ Ուելսի Սվենսի և Բրեքոնի թեմի առաջնորդանիստ տաճարի լուսարարապետ Հայր Ջեոֆրի Մարշալի և Հայաստանում Քենթրբերիի Արքեպիսկոպոսի ներկայացուցիչ քահանա Ջոն Բարքերի:
Հանդիպմանը Հայր Մարշալը, Նորին Սրբությանը ներկայացնելով Ուելսից ժամանած ուխտավորներին և նրանց հոգևոր կյանքը, ուրախություն հայտնեց Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու Հովվապետի օրհնությանն արժանանալու համար:
     Ապա ուխտավորներին իր օրհնությունն ու բարեմաղթանքները փոխանցեց Ամենայն Հայոց Հայրապետը: Նորին Սրբությունը կարևոր նկատեց Քրիստոնեական այլ Եկեղեցիների ուխտավորների նման այցերը Հայաստան և համայն հայության հոգևոր կենտրոն, որոնց արդյունքում նրանք հաղորդ են դառնում հայ ժողովրդի անցյալին ու ներկային, ճանաչում նրա նվիրական սրբություններն ու հոգևոր արժեքները:
     Իր խոսքում Վեհափառ Հայրապետը մասնավոր անդրադարձ կատարեց Հայոց Եկեղեցու և հայ ժողովրդի անցած պատմական ուղուն և հատկապես 20-րդ դարում կրած դժվարություններին: Այս առիթով Նորին Սրբությունն իր գնահատանքը հայտնեց Ուելսի ժողովրդին Հայոց Ցեղասպանության ճանաչման և դատապարտման համար` ընդգծելով, որ միայն այդ ճանապարհով է հնարավոր կանխարգելել նման ողբերգությունների կրկնումը մարդկության կյանքում:
Զրույցի ընթացքում խոսվեց նաև Մեծ Բրիտանիայում հայոց թեմի գործունեության և կրթական ոլորտում Հայ և Անգլիկան Եկեղեցիների գործակցության մասին:
     Հանդիպմանը ներկա էր Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն, Արթիկի թեմի առաջնորդ Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը: