Ամենայն Հայոց կաթողիկոսն ընդունեց սփյուռքահայ ուսուցիչների
Օգոստոսի 22-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց շուրջ 30 սփյուռքահայ ուսուցիչների` գլխավորությամբ Սփյուռքի գիտաուսումնական կենտրոնի տնօրեն պրն. Սուրեն Դանիելյանի:
Պարոն Դանիելյանը հանգամանորեն անդրադարձավ ուսուցիչների աշխատանքներին, առաջադրված նպատակներին` մեծապես կարեւորելով սփյուռքահայ ուսուցիչների դերը հայապահպանության գործում: Ներկաների անունից նա նաեւ շնորհավորեց Նորին Սրբությանը ծննդյան 56-ամյա տարեդարձի կապակցությամբ եւ հայտնեց իրենց ջերմ բարեմաղթանքները:
Ապա օրհնության խոսքով ուսուցիչներին դիմեց Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը` հայտնելով նրանց իր գնահատանքը` ազգին, Հայրենիքին եւ Հայաստանյայց Առաքելական Եկեղեցուն մատուցած իրենց կարեւոր ծառայության համար: Նորին Սրբությունն գոհունակություն հայտնեց, որ Հայաստանի եւ Սփյուռքի ուսուցիչներ, մեկտեղվելով Հայաստանում, քննարկում են Սփյուռքում, կրթության ոլորտում առկա հիմնախնդիրները եւ լուծումներ փնտրում դրանց հաղթահարման, հայեցի դաստիարակության առավել արդյունավետ կազմակերպման համար:
Վեհափառ Հայրապետը կարեւոր նկատեց նաեւ եկեղեցու դերը հայեցի դաստիարակության եւ հայապահպանության ոլորտում: «Կարեւոր ենք նկատում, որ մեր դպրոցները միշտ մեր Եկեղեցու օրհնության ներքո են գործում: Այս կապը պետք է ամրապնդել, զորացնել, որովհետեւ այս երկուսի համադրմամբ պիտի կարողանանք արժանավոր, հավատավոր ու բարի զավակներ կրթել մեր ժողովրդի համար... Եվ դուք էլ պիտի լծվեք եւ ձեր լուման ներդնեք հայապահպանման եւ ազգապահպանման այդ գործին, քանզի գերագույն ճիգերի գործադրումով է, որ հայությունը Հայրենիքից հեռու կարող է գոյատեւել»,- ասաց Նորին Սրբությունը:
Վերջում Հայրապետը պատասխանեց ուսուցիչների հարցերին: