Ամենայն Հայոց կաթողիկոսն ընդունեց Չինաստանի Արտաքին գործերի նախարարին
Փետրվարի 17-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտաքին գործերի նախարար Յան Ձիեչիին:
Զրույցի ընթացքում Նորին Սրբությունը գոհունակությամբ անդրադարձավ երկու պետությունների միջեւ բարձր մակարդակի վրա իրականացող փոխայցելություններին, ինչպես նաեւ շարունակ սերտացող մշակութային եւ տնտեսական գործակցությանը` ի բարօրություն երկու ժողովուրդների: Վեհափառ Հայրապետը խոսեց նաեւ հայ եւ չին ժողովուրդների պատմական կապերի մասին` կարեւոր նկատելով ներկայիս ժամանակներում ժողովուրդների բարեկամության ամրապնդումը եւ հետեւողական զարգացումը համընդհանուր մարտահրավերների հաղթահարման համար:
Չինաստանի արտաքին գործերի նախարարն իր հերթին ուրախություն հայտնեց Հայաստան եւ համայն հայության հոգեւոր կենտրոն այցելելու եւ հայկական բազմադարյա մշակույթը ճանաչելու հնարավորության առիթով, ապա ներկայացրեց երկու պետությունների ներկայիս փոխհարաբերությունները եւ շահեկան համագործակցությունը, մատնանշեց մշակութային կապերը խորացնելու անհրաժեշտությունը:
Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ նաեւ Հայոց Ցեղասպանության ճանաչման ու դատապարտման անհրաժեշտությանը, ինչը կկանխի նման ոճրագործության կրկնությունը ապագայում: Կարեւորվեց նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը խաղաղ ճանապարհով: