Ամենայն Հայոց Հայրապետի այցը Ավստալիայի եւ Նոր Զելանդիայի Հայոց թեմ
Սեպտեմբերի 8-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Սիդնեյ, ուր Հայրապետական իր օրհնությունը բաշխեց ավստրալահայ հավատավոր հայ համայնքին եւ մասնակից եղավ Համազգայինի Արշակ եւ Սոֆի Գալստան դպրոցի հիմնադրման 20-ամյակի կապակցությամբ կազմակերպված միջոցառումներին: Այցի ընթացքում Նորին Սրբությանն ուղեկցում էին Մայր Աթոռի միաբաններ Տ. Հովակիմ վարդապետ Մանուկյանը եւ Տ. Վարդան աբեղա Նավասարդյանը:
Սեպտեմբերի 9-ին Սիդնեյի միջազգային օդանավակայանում Ամենայն Հայոց Կաթողիկոսին դիմավորեցին Ավստրալիայի եւ Նոր Զելանդիայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Աղան արքեպիսկոպոս Պալիոզյանը, թեմական եւ ծխական խորհուրդների անդամները, Համազգայինի Արշակ եւ Սոֆի Գալստան դպրոցի տնօրինությունը, բարերար Արշակ Գալստանը, ինչպես նաեւ հայկական համայնքային կազմակերպությունների ղեկավարները:
Պաշտոնական ընդունելությունը տեղի ունեցավ Սիդնեյի օդանավակայանի Մերկյուր հյուրանոցում, որտեղ ի պատիվ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կազմակերպվել էր բարիգալստյան ճաշկերույթ մասնակցությամբ հայ համայնքի անդամների: Իր խոսքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը ուրախություն հայտնեց Սիդնեյի հավատարիմ իր հոտին կրկին հանդիպելու համար եւ նշեց, որ չնայած Ավստրալիայի եւ Մայր Աթոռի միջեւ եղած աշխարհագրական հեռավորությանը` Ավստրալիայի հայ համայնքը մշտապես Հայոց Հայրապետի սրտում եւ մտքում է:
Կիրակի, սեպտեմբերի 10-ին, Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը «Հրաշափառ»-ի երգեցողության ներքո առաջնորդվեց Սիդնեյի Սբ. Հարություն եկեղեցի, որտեղ նրան ողջունեց Գերաշնորհ Տ. Աղան արքեպիսկոպոս Պալիոզյանը: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն Հայրապետական իր պատգամն ուղղեց բարեպաշտ ժողովրդին: Նշելով որ, Հայոց Եկեղեցին եւ լեզուն անբաժան են միմյանցից` Նորին Սրբությունը ընդգծեց Համազգայինի դպրոցի 20-ամյակի առիթով կազմակերպված միջոցառումների կարեւորությունը, որոնց բերած իր մասնակցությունը նշանն է գնահատանքի եւ այն ուշադրության, որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին ընծայում է հայոց լեզվի պահպանությանն ու զորացմանը:
Վեհափառ Հարապետն իր այցի առիթով Սբ. Հարություն եկեղեցուն ընծայեց Սբ. Ղազարոսի սրբապատկերը, իսկ առաջնորդին` նրբագեղ ձեռաց խաչ: Իր հերթին Տ. Աղան արք. Պալիոզյանը շնորհակալություն հայտնեց Նորին Սրբությանը Ավստրալիայի թեմն իր ներկայությամբ պատվելու համար եւ Մայր Աթոռին նվիրեց արծաթե բուրվառ` ի հիշատակ այս այցելության:
Եկեղեցական արարողությունից հետո Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիսավոր թափորի ուղեկցությամբ առաջնորդվեց Արշակ եւ Սոֆի Գալստան դպրոց: Դպրոցը հիմնադրվել է 1986 թ.-ին եւ առաջին տարում ունեցել է 41 ուսանող ու երկու տարրական դասարան: Այսօր դպրոցն ունի է շուրջ 300 աշակերտ, որոնց ուսումը կազմակերպվում է մանկապարտեզից մինչեւ ավագ դպրոց: Դպրոցն արդեն ունի բազում շրջանավարտներ:
Դպրոցում հավաքվել էր ավելի քան 2 հազար հոգի` դիմավորելու Նորին Սրբությանը եւ մասնակցելու կազմակերպված միջոցառումներին: Ներկա էին բարձրաստիճան մի շարք այրեր` դաշնային, պետական եւ տեղական կառավարության ներկայացուցիչներ, ինչպես նաեւ Ավստրալիայի նախկին վարչապետ պրն. Գուղ Ուիթլամը:
Հանդիսության ժամանակ Հայոց Հայրապետը շնորհավորեց դպրոցի ողջ պաշտոնեությանը դպրոցի հիմնադրման 20-ամյակի կապակցությամբ` իր բարձր գնահատանքը հայտնելով բոլոր նրանց, ովքեր նվիրումով օժանդակել են դպրոցի հիմնադրմանն ու կայացմանը` կրթելու եւ դաստիարակելու հայորդիների ապագա սերունդները: Վեհափառ Հայրապետն անդրադարձավ նաեւ քրիստոնյա հավատքի ու մայրենի լեզվի պահպանման անհրաժեշտությանը եւ այս գործում դպրոցի ունեցած կարեւոր առաքելությանը:
Այնուհետեւ Վեհափառ Հայրապետը հանդիսապետեց դպրոցի հիմնադիր բարերարներ Արշակ եւ Սոֆի Գալստաններին նվիրված հուշարձանի բացման արարողությունը:
Նույն օրը Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում ունեցավ թեմական խորհրդի եւ եկեղեցական վարչությունների անդամների հետ:
Սեպտեմբեր 11-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Աստանա, Ղազախստան` մասնակցելու Ավանդական եւ համաշխարհային կրոնների առաջնորդների 2-րդ համագումարին: