Ամենայն Հայոց Հայրապետը Աստանայում կմասնակցի Ավանդական եւ համաշխարհային կրոնների առաջնորդների 2-րդ համագումարին
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը սեպտեմբերի 8-10-ը Սիդնեյ կատարած Հայրապետական այցի ընթացքում իր օրհնությունը բաշխեց ավստրալահայ հավատավոր հայ համայնքին եւ մասնակից եղավ Համազգայինի Արշակ եւ Սոֆի Գալստան դպրոցի 20-ամյակի կապակցությամբ կազմակերպված միջոցառումներին:
Սեպտեմբերի 11-ին Նորին Սրբությունը Սիդնեյից կմեկնի Ղազախստանի մայրաքաղաք Աստանա, ուր սեպտեմբերի 12-14-ը տեղի է ունենալու Ավանդական եւ համաշխարհային կրոնների` քրիստոնյա, մուսուլման, հուդայական, բուդդիստ, հինդու եւ այլ կրոնապետերի 2-րդ համագումարը:
Առաջին համագումարը տեղի է ունեցել 2003 թ. սեպտեմբերի 23-24-ին, Աստանայում` միջազգային երկխոսության մեջ ընդգրկելով համաշխարհային կրոնների առաջնորդներին:
Ամենայն Հայոց Հայրապետի գլխավորած պատվիրակության կազմում են Արցախի թեմի առաջնորդ Տ. Պարգեւ Արք. Մարտիրոսյանը, ԱՄՆ Արեւելյան թեմի Միջեկեղեցական հարաբերությունների պատասխանատու Տ. Վիգեն եպս. Այքազյանը եւ Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների գրասենյակի վարիչ Հոգեշնորհ Հովակիմ վրդ. Մանուկյանը:
Սեպտեմբերի 12-ին Աստանայում Վեհափառ Հայրապետը հանդես կգա «Հավատքի ազատություն եւ հարգանք այլադավանների նկատմամբ» խորագրով բանախոսությամբ:
Համագումարի ավարտին կրոնական առաջնորդները հանդես կգան համատեղ հայտարարությամբ: