Ամենայն Հայոց Կաթողիկոսության պատվիրակությունը մասնակցեց Ռումին պատրիարքի գահակալության արարողությանը

Սեպտեմբերի 30-ին` Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Ռումինիայի հայոց թեմի առաջնորդ Տ. Տիրայր արքեպիսկոպոս Մարտիկյանը, Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների պատասխանատու Տ. եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը եւ ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի դեկան Տ. Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը մասնակցեցին Ռումինիայի Ուղղափառ Եկեղեցու նորընտիր Դանիել Պատրիարքի գահակալության արարողությանը:

Պատվիրակությունը Ռումինիայի նորընտիր Պատրիարքին փոխանցեց Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ողջույնն ու բարեմաղթանքները: Այս առիթով Ամենայն Հայոց Հայրապետը նաեւ շնորհավորական գիր էր հղել Ռումինիայի Ուղղափառ Եկեղեցու նորընտիր գահակալին:

«Որպես Ամենայն Հայոց Կաթողիկոս եւ աշխարհասփյուռ Հայ Եկեղեցու Առաջնորդ` շնորհավորում ենք Ձերդ Սրբությանը եւ համայն Ռումին Ուղղափառ Եկեղեցուն:

...Այս դժվարին եւ փորձություններով լի ժամանակներում աշխարհը ծարավն ունի Քրիստոսի Ավետարանի եւ մեր Փրկչի հույսի եւ խաղաղության աստվածային պատգամի: Ավանդական Քրիստոնեական Եկեղեցիների ընտանիքն իր սուրբ առաքելությունը կարող է ամբողջականորեն իրականացնել մարդկության կյանքում միայն մեր միացյալ ջանքերի եւ փոխադարձ համագործակցության միջոցով: Մենք արտահայտում ենք Մեր սերն ու զորակցությունը Ձերդ Սրբությանը, որ ստանձնեցիք Ձեր Եկեղեցու Առաջնորդի ծանր պատասխանատվությունը` շարունակելով երկարամյա նվիրյալ ծառայությունը Ձեր ժողովրդին»,-ասվում է Նորին Սրբության շնորհավորական ուղերձում: