Ամենայն Հայոց Կաթողիկոսն օծեց Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու սուրբ սեղանը

Հոկտեմբերի 1-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը կատարեց Փասադինայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու սուրբ սեղանի օծումը:

Սբ. Գրիգոր Եկեղեցու բակում Ամենայն Հայոց Կաթողիկոսին ավանդական աղ ու հացով դիմավորեցին ազգային տարազով` Հովսեփյան դպրոցի չորս սաներ: Աղն ու հացն օրհնելուց հետո Վեհափառ Հայրապետը թափորով առաջնորդվեց դեպի եկեղեցի, ուր իրեն սպասում էի հավատավոր հայորդիները: Սեպտեմբերի 9-ին օծված նորակառույց տաճարում կատարվեց "Հրաշափառի" արարողություն: Ապա Նորին Սրբությունը օծեց եկեղեցու սուրբ սեղանը` կառուցված Վահե, Դանիել եւ Վազգեն Իմաստունյանների բարերարությամբ:

Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու ծխականների անունից Նորին Սրբությանը ողջունեց ծխի հոգեւոր հովիվ Տ. Պարետ ծ. վրդ. Երեցյանը եւ շնորհակալություն հայտնեց Փասադինա կատարած այցի համար: Հյուսիսային Ամերիկայի Հայոց Արեւմտյան թեմի անունից Հայրապետին ողջունեց առաջնորդ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը եւ շնորհակալություն հայտնեց ԱՄՆ Արեւմտյան թեմի հաստատման 80-ամյակի տոնակատարությունը նախագահելու, ինչպես նաեւ նորակառույց եկեղեցու սուրբ սեղանը օծելու համար:

Այնուհետեւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը իր գոհունակությունը հայտնեց թեմակալ առաջնորդին եւ ծխի հոգեւոր հովվին` հորդորելով եկեղեցականներին եւ հավատացյալներին հավատարիմ մնալու իրենց քրիստոնեական հավատի եւ Հայ Եկեղեցու հանդեպ իրենց սիրո մեջ: Հայրապետը նաեւ ընդգծեց կարեւորությունը ԱՄՆ Արեւմտյան թեմի հիմնադրման 80-ամյակի տոնախմբման եւ նոր աղոթատան օծման նշանակությունը ծխի կյանքում:

Արարողության ավարտին Աղաջանյան սրահում տեղի ունեցավ ընդունելություն ի պատիվ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի: