Ամենայն Հայոց Կաթողիկոսն օծեց «Կոշ» քրեակատարողական հիմնարկի նորակառույց եկեղեցին
Նոյեմբերի 30-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը կատարեց ՀՀ Արդարադատության նախարարության «Կոշ» քրեակատարողական հիմնարկի Ս. Հարություն եկեղեցու օծման արարողությունը: Եկեղեցին կառուցվել է ազատազրկվածների ջանքերով, ճարտարապետը Անահիտ Թարխանյանն է:
Արմավիրի թեմի առաջնորդ Տ. Սիոն եպիսկոպոս Ադամյանը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների հետ օծեց եկեղեցու տասներկու սյունները, Մկրտության ավազանը եւ սրբապատկերները: Այնուհետեւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, հոգեպարար շարականների երգեցողության ներքո, կատարեց խորանի` չորս Ավետարանիչների սյուների եւ Ս. Սեղանի օծման արարողությունը: Վեհափառ Հայրապետն աղոթքով հայցեց Բարձրյալ Տիրոջից անսասան պահել նորաօծ եկեղեցին, որպեսզի այնտեղ աղոթող հայորդիները մշտապես արժանանան տերունական օրհնության եւ հաղորդ դառնան երկնային պարգեւների:
Հավարտ արարողության Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնության խոսքն ուղղեց ներկաներին: Նորին Սրբությունը նշեց, որ շուրջ 16 տարի արդեն հոգեւոր սպասավորներն իրենց առաքելությունն են իրականացնում կալանավայրերում` լծվելով ազատազրկված անձանց հոգեւոր ծարավը հագեցնելու գործին: Վեհափառ Հայրապետն ուրախություն հայտնեց, որ վերջապես նաեւ իրականացել է «Կոշ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների ու ազատազրկյալների` եկեղեցի ունենալու ցանկությունը: Նորին Սրբությունը վստահություն հայտնեց, որ եկեղեցու կառուցումը պիտի հոգեփոխություն առաջ բերի ազատազրկվածների մոտ, որի կամարների ներքո նրանք պիտի կանգնեն աղոթքի, Աստծո առջեւ պիտի բացեն իրենց սիրտը, զղջան եւ ապաշխարեն, քանզի, համաձայն Ավետարանի, սուրբ եւ խոնարհ սրտերն են հաճելի Աստծուն: Հայոց հայրապետը պատահական չնկատեց կալանավայրերում մատուռների ու եկեղեցիների կառուցումը, որովհետեւ մեր Տեր Հիսուս Քրիստոսի պատգամն ու պատվիրանն է դա, ով չեկավ առողջների, այլ կարիքավորների եւ նեղյալների համար, ովքեր կարիք ունեն Տիրոջ պատգամի, խոսքի եւ սիրո, որպեսզի նրանք ճիշտ կողմնորոշվեն կյանքում, ուժ գտնեն կանգնելու ճիշտ ճանապարհի վրա եւ իրենց կյանքն աստվածահաճո կերպով կազմակերպելու եւ ապրելու: «Ահա այս հավատով է, որ մենք այսօր կատարեցինք օծումն այս եկեղեցու, որ պիտի նպաստի, որպեսզի դուք ներհայեցողությամբ, ինքնաքննության ու ինքնազննումի ճանապարհով կարողանաք գտնել բարու ճանապարհը, զերծ մնալ մեղքերից եւ հույս ու լավատեսություն ամբարել ձեր հոգիների մեջ, որպեսզի դուրս գաք այս վայրից եւ որպես արժանավոր քաղաքացիներ մեր երկրի ձեր օգտակար ծառայությունը բերեք մեր Հայրենիքին», - դիմելով ազատազրկվածներին` ասաց Ամենայն Հայոց Կաթողիկոսը:
Արարողությանը ներկա էին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբաններ, ՀՀ Արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը, Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ, գեներալ մայոր Աշոտ Մարտիրոսյանը, «Կոշ» քրեակատարողական հիմնարկի պետ, փոխգնդապետ Լյովա Բաղդասարյանը, ԱԺ պատգամավորներ, հասարակական կազմակերպությունների դիտորդական խմբի ներկայացուցիչներ: