Ամենայն Հայոց Կաթողիկոսն օծեց Եկատերինբուրգի Ս. Հովհաննես Կարապետ նորակառույց եկեղեցին
Հոկտեմբերի 12-ին Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիսապետեց Եկատերինբուրգի նորակառույց Ս. Հովհաննես Կարապետ եկեղեցու օծման արարողությունը:
Եկեղեցին կառուցվել է Եկատերինբուրգի հայ համայնքի նախագահ Մասիս Նազարյանի բարերարությամբ: Տաճարի հիմնարկեքը թեմակալ առաջնորդ Տ. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի ձեռամբ կատարվել է 2003 թ.: Քաղաքի կենտրոնում կառուցված 37 մետր բարձրություն ունեցող տաճարի ճարտարապետն է Հակոբ Գասպարյանը, որմնանկարիչը` Արտյոմ Մելքոնյանը:
Ամենայն Հայոց Կաթողիկոսին, թեմակալ առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոսին և հայրապետական շքախմբի անդամներին եկեղեցու առջև մեծ ոգևորությամբ ու ծափողջույններով դիմավորեցին Սվերդլովսկի նահանգի հայ համայնքի բազմահազար հայորդիներ` գլխավորությամբ Եկատերինբուրգի հայ համայնքի նախագահ Մասիս Նազարյանի և եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Արիստակես քահանա Հովհաննիսյանի:
Հայկական եկեղեցու օծման առիթով ողջ մարզից Եկատերինբուրգ ժամանած հայորդիներին բաշխելով իր հայրապետական օրհնությունը` Վեհափառ Հայրապետը «Հրաշափառ»-ի երգեցողության ներքո թափորով մուտք գործեց նորակառույց տաճար: Օծման արարողությանը ներկա էին Ռուս Ուղղափառ Եկեղեցու Վերխոտուրի և Եկատերինբուրգի միտրոպոլիտ Կիրիլը, Սվերդլովյան մարզի նահանգապետ Եվգենի Կույվաշևը, փոխնահանգապետ Յակով Սիլինը, նահանգային և քաղաքային իշխանությունների, ինչպես նաև Ռուսաստանի հայ համայնքի և թեմի հոգևոր դասի ներկայացուցիչներ:
Հընթացս սրբազան արարողության սաղմոսների ուղեկցությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Սրբալույս Մյուռոնով օծեց եկեղեցու Սուրբ Սեղանը: Ապա թեմակալ առաջնորդ Տ. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը, Մայր Աթոռի դիվանապետ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը, Գեղարքունիքի թեմի առաջնորդ Տ. Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը, Մայր Աթոռի Վանորեից տեսուչ Տ. Արտակ եպիսկոպոս Տիգրանյանը և Մայր Աթոռի լուսարարապետ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանը օծեցին մկրտության սուրբ ավազանը չորս ավետարանիչների անուններով խորանի սյուները և եկեղեցու մնացյալ տասը սյուները:
Օծման արարողության ավարտին Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Եզրաս Սրբազանն իր երախտագիտությունը հայտնեց Ամենայն Հայոց Կաթողիկոսին, որ ընդառաջ Սվերդլովյան հայ համայնքի խնդրանքին, ժամանել է Եկատերինբուրգ` հայրապետական իր օրհնությունն ու սերը բաշխելու Ռուսաստանի հողում հաստատված իր զավակներին և օծելու նրանց ջանքերով կառուցված աղոթատունը:
Այնուհետև այս առիթով հայ համայնքին շնորհավորեց Վերխոտուրի և Եկատերինբուրգի միտրոպոլիտ Կիրիլը` իր խոսքում անդրադառնալով նաև եկեղեցու կարևոր առաքելությանը մարդկային կյանքում: Կիրիլի միտրոպոլիտը նորակառույց եկեղեցուն ընծայեց Ս. Հարության սրբապատկեր:
Տաճարի օծման առիթով Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի անունից նորակառույց եկեղեցուն ակնակուռ ձեռաց խաչ փոխանցեց ՀՀ նախագահի օգնական Ավետիս Բերբերյանը:
Օծման արարողությունն ամփոփվեց Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնության խոսքով: Նորակառույց եկեղեցու երկար սպասված օծման կապակցությամբ շնորհավորելով հայորդիներին` Նորին Սրբությունը վստահություն հայտնեց, որ այն պիտի ամենքին համախմբի իր շուրջ, կերպարանափոխի հայ համայնքի կյանքը և լցնի օրհնությամբ, հոգևոր լույսով ու շնորհներով: «…Փառք Բարձրյալին, որմեր ժողովրդի զավակները նախնյաց սուրբ հավատքով և տեսիլքով շարունակում են եկեղեցաշինության առաքելությունը, որպեսզինվիրագործված աղոթավայրի հարկի ներքո երկնառաք շնորհները ամրապնդեն և միավորեն հավատացյալներին ի Քրիստոս` ընթանալու դեպիտերունապարգև երջանկություն և փրկություն: Աստվածահաճո և եկեղեցաշեն ձեռնարկումները կյանքի են կոչվում Բարձրյալն Աստծոզորակցությամբ, և աշխարհի չորս ծագերում վեր հառնած մեր եկեղեցիներն ու տաճարները` որպես փրկության տապաններ, նաև ամուրհիմքն են ազգային-հոգևոր ինքնության, մխիթարության, հույսի և ապավինության: Սրբալույս մյուռոնով օծյալ մեր եկեղեցիներում հավատքովհամախումբ և անսասան են մնում հայորդիք` որպես Քրիստոսի կենդանի եկեղեցի…: Որպես քրիստոնյա ազգ` մեր Տիրոջ վարդապետությամբ, առաքյալների ու մարգարեների վեմի վրա հաստատված տաճար լինելով, կառուցել ենք նաև քարակերտ տաճարներ ու եկեղեցիներ, որպեսզի այստեղ մշտամրմունջ աղոթենք Երկնավորին, և մեր եկեղեցիներից բաշխվող աստվածային օրհնություններով զորացնենք հոգևոր-եկեղեցական կյանքը, ամուր պահենք աստվածասիրությունը, ազգանվիրումն ու հայրենանվիրումը:
…Այս եկեղեցին այլևս պիտի լինի հոգևոր-ազգային կենտրոնը ձեր համայնքի, և պիտի ապրեք ու գործեք հոգու առավել զորությամբ, Ավետարանական սուրբ պատգամներով, մեր հայրերի ժառանգության հանդեպ նախանձախնդրությամբ ու հայրենական ավանդներով: Սուրբ Հովհաննես Կարապետ եկեղեցու շինությամբ դուք, սիրելիներ, վերստին վկայեցիք, որ մեր ժողովրդի աստվածասեր ոգին դարեր շարունակ արտացոլվում է նաև եկեղեցաշեն հիանալի գործերում` որպես արտահայտություն աննկուն ու անպարտելի հավատքի, սրբազան արժեքների հանդեպ հավատարմության», - նշեց Գարեգին Բ Հայրապետն իր խոսքում:
Ապա Նորին Սրբությունը Եկատերինբուրգի հայ համայնքին շնորհավորեց նաև հիմնադրման քսանհինգ ամյակի առիթով` գոհունակությամբ արձանագրելով, որ համայնքը 1988 թ.-ից` իր հիմնադրման օրերից, շարունակաբար զորակցում է հայրենական կյանքի զորացմանն ու առաջընթացին և մեծ դերակատարություն ունի Սվերդլովյան շրջանի բնականոն զարգացման, հասարակական կյանքի առաջընթացի գործում:
Ամենայն Հայոց Հայրապետը հորդորեց հայորդիներին ամուր մնալ որպես Աստծո տաճար, Քրիստոսի կենդանի եկեղեցի, այս նվիրական աղոթավայրում մաշտոցյան լեզվով մշտապես հնչեցնել իրենց հայցն առ Աստված, և շարունակել ապրել աղոթական ոգով ներշաղախ գործերով, որպեսզի նրանց հավատքով կերտածը զարդարի ու լուսավորի ազգային-եկեղեցական անդաստանը:
Հայոց Հայրապետը հայ համայնքի հանդեպ հոգատար վերաբերմունքի և եկեղեցու կառուցման ընթացքում ցուցաբերած աջակցության համար իր գնահատանքը փոխանցեց մարզի և քաղաքի իշխանություններին: Նորին Սրբությունը նվիրյալ և անխոնջ ծառայության համար գոհունակությամբ իր օրհնությունը բերեց նաև թեմակալ առաջնորդին, թեմական խորհրդին և թեմի եկեղեցականությանը:
Վերջում Վեհափառ Հայրապետը նորակառույց եկեղեցուն նվիրեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Միածին Որդու Ս. Իջման պատկեր:
Այնուհետև Տ. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանն ընթերցեց Ամենայն Հայոց Հայրապետի Սրբատառ Կոնդակը, որով Ս. Հովհաննես Կարապետ եկեղեցու բարերար Մասիս Նազարյանին շնորհվեց Հայ Եկեղեցու «Ս. Գրիգոր Լուսավորիչ» պատվո բարձր շքանշան: «…Գոհունակություն է Հայրապետիս համար Սուրբ Հովհաննես Կարապետ եկեղեցու օծման բերկրալի առիթով Հայրապետական Մեր օրհնությունն ու բարձր գնահատանքը բերել Ձեզ` Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու սիրելի զավակիդ: …Այսօր ուրախությամբ ենք հաստատում, որ ծնվելով ու հասակ առնելով Իրանում, Դուք ժառանգել եք ազգասեր ու եկեղեցասեր ոգին իրանահայ ավանդաշատ համայնքի, որի բազմադարյա պատմությունը վառ օրինակ է մեր ժողովրդի հավատավոր ոգու, Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու և լուսո խորան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հանդեպ որդիական սիրո ու նվիրումի: Տասնյակ տարիներ Դուք աշխույժ գործունեություն եք ծավալում ՌԴ Եկատերինբուրգ քաղաքի հայության համայնքային կյանքում: Հայրապետիս համար գոհունակություն է, որ մշտապես աջակցելով Տիրախնամ Թեմի առաքելության իրականացմանը, ազգասեր ու եկեղեցասեր ոգով Դուք հովանավորեցիք նաև հայկական եկեղեցու կառուցման աստվածահաճո նախաձեռնությունը: Հավատավոր մեր զավակների հետ աղոթակցությամբ կատարելով նորակառույց աղոթատան օծման սրբազան արարողությունը, մենք փառք ենք մատուցում Տիրոջը, որ եկեղեցու հովանու ներքո այսուհետ առավել պայծառ պիտի լինի հայորդիների հոգևոր ու ազգային կյանքը և զօրավոր` ինքնության գիտակցությունը նրանց հոգիներում», - ասված է տիար Նազարյանին շնորհված Հայրապետական կոնդակում:
Եկեղեցու օծման առիթով հայ համայնքի քսաներկու անդամների Նորին Սրբության կողմից հանձնվեցին Հայրապետական օրհնության գրեր` եկեղեցաշինության սրբազան գործում ունեցած ավանդի համար:
Նույն օրը Վերխոտուրի և Եկատերինբուրգի միտրոպոլիտ Կիրիլի ուղեկցությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելեց Ռոմանովների ցարական ընտանիքի նահատակության վայրում կառուցված տաճար և թանգարան: