Ամենայն Հայոց Կաթողիկոսն օծեց Ակնաղբյուրի Սբ. Վարդան Զորավար մատուռը Գարեգին Բ Կաթողիկոս
«Զինվորական ծառայությունը պարզ զինակրություն չէ, այլ հոգու կերտվածք, սեր ու նվիրում հայրենի սրբություններին, նվիրական արժեքներին, սեր ու նվիրում մեր հողին ու պատմությանը»
Դեկտեմբերի 9-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Տավուշի մարզի Ակնաղբյուր գյուղ, ուր հանդիսապետեց նորակառույց Սուրբ Վարդան Զորավար մատուռի օծման արարողությունը: Եկեղեցին կառուցվել է ԱԺ պատգամավոր Միքայել Վարդանյանի բարերարությամբ:
Դիլիջան քաղաքի մատույցներում Ամենայն Հայոց Հայրապետին դիմավորեցին եւ դեպի Ակնաղբյուր ուղեկցեցին Գուգարաց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ եպիսկոպոս Չուլջյանը, Գուգարաց թեմի Տավուշի փոխառաջնորդ Սասուն ծայրագույն վարդապետ Զմրուխտյանը, թեմի եկեղեցականները, Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը եւ մարզային իշխանության այլ ներկայացուցիչներ: Մատուռի օծման արարողությանը մասնակցելու համար Ակնաղբյուր էին ժամանել ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը եւ ՀՀ Պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը:
Հոգեպարար շարականների երգեցողության ներքո Նորին Սրբությունը կատարեց մատուռի Սբ. Սեղանի օծումը: Վեհափառ Հայրապետն աղոթքով հայցեց Բարձրյալ Տիրոջից անսասան պահել նորաօծ մատուռը, որպեսզի հայորդիները մշտապես արժանանան տերունական օրհնության եւ հաղորդ դառնան երկնային պարգեւների:
Հավարտ արարողության Տավուշի մարզպետը մատուռի առջեւ ողջունեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի եւ ՀՀ վարչապետի այցը Տավուշի մարզ եւ Ակնաղբյուր:
Օրը արժանահիշատակ էր նաեւ այլ իրադարձությամբ: Նորաօծ մատուռի մոտ էին հավաքվել նաեւ բազում զորակոչիկներ` իրենց ուխտը կատարելու Աստծո սուրբ խորանի առջեւ եւ ստանալու Վեհափառ Հայրապետի օրհնությունը:
Զորակոչիկներին եւ ակնաղբյուրցիներին իր օրհնության խոսքն ուղղեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: «Այսօր մեր հոգին կրկին լցված է բերկրանքով ու ցնծությամբ, եւ գոհունակության այս զգացումով մենք միասնական աղոթքով կատարեցինք օրհնությունը նորակառույց Սուրբ Վարդանի անունը կրող այս մատուռի: Սրբազան այս մատուռի ուրախությանն այսօր հավելվել է նաեւ մեկ այլ ուրախություն. հնավանդ մի սովորության վերականգնում` զինակոչիկների երդման արարողության նախաձեռնության իրականացում Եկեղեցու սուրբ կամարների ներքո, Աստծո ներկայության առջեւ: Հնամենի սովորություն կոչեցինք, քանզի մեր հայրերը, երբ մեկնում էին Հայրենիքի պաշտպանության առաքելությամբ, համախմբվում էին եկեղեցու կամարների ներքո, իրենց աղոթքն առ Աստված բարձրացնում, Աստծո օգնականությունը հայցում եւ Աստծուն ապավինած` մեկնում ծառայության: Ահա այսօր մենք ուրախությունն ունենք ականատեսը լինելու նման մի արարողության, երբ զորակոչիկ հայորդիները ծառայության մեկնելուց առաջ իրենց երդումը պիտի կատարեն եւ աղոթքն առ Աստված բարձրացնեն սրբազան այս մատուռի կամարների ներքո», - ասաց Նորին Սրբությունը` իր գնահատանքը բերելով ՀՀ Պաշտպանության նախարարությանը եւ վստահություն հայտնելով, որ այս նախաձեռնությունը կհաստատվի որպես ընդհանրական կարգ, եւ ամեն զորակոչիկ, հայոց հնամենի գեղեցիկ սովորույթի համաձայն, իր երդումը կկատարի սուրբ խորանների առջեւ` ներկայությամբ Երկնավոր Տիրոջ:
Նորին Սրբությունն իր գնահատանքը բերեց բարերար Միքայել Վարդանյանին, ում հանձնառությամբ ու նվիրումով բարի ավարտին հասցվեց մատուռի կառուցումը: Վեհափառ Հայրապետը ողջունեց նաեւ ՀՀ վարչապետի ներկայությունը, ինչը նոր քաջալերանք պիտի լինի հայ զորակոչիկներին: Նորին Սրբությունը հորդորեց նաեւ զորակոչիկներին Հայրենիքին ծառայել այն գիտակցությամբ, որ զինվորական ծառայությունը պարզ զինակրություն չէ, այլ հոգու կերտվածք, սեր ու նվիրում հայրենի սրբություններին, նվիրական արժեքներին, սեր ու նվիրում մեր հողին ու պատմությանը:
Վերջում Վեհափառ Հայրապետը բարի ծառայություն մաղթեց զորակոչիկներին` հայցելով Տիրոջ օգնականությունը բոլորին, եւ կատարեց զորակոչիկների օրհնության կարգ:
Արարողության ավարտին մատուռի բարերար տիար Վարդանյանն իր երախտագիտությունը հայտնեց Վեհափառ Հայրապետին եւ շնորհավորեց ամենքին մատուռի բացման առիթով: «Մենք մեծ պատվով կատարեցինք այս աշխատանքը եւ նորից մեր ժողովրդին հույս տվեցինք, որ Վարդանանց ծառն ապրելու է հավերժ, եւ մեր զինվորները, միշտ այստեղից բանակ գնալով, լինելու են Աստծո Աջի պաշտպանության ներքո», - նշեց իր խոսքում բարերարը:
Ապա Նորին Սրբությունն ու ՀՀ Վարչապետը զրուցեցին զորակոչիկների հետ: Ծառայության մեկնող երիտասարդներին Վեհափառ Հայրապետը հանձնեց Նոր Կտարակարաններ եւ խաչեր: Այնուհետեւ ամենքը ծաղիկներ դրեցին ուխտատեղի դարձած Վարդանի ծառի հարեւանությամբ կանգնեցված խաչքարի առջեւ, ապա ազգային երգերի ներքո Ամենայն Հայոց Կաթողիկոսն ու ՀՀ վարչապետը խաչքարի հարեւանությամբ կատարեցին ծառատունկ:
Նորին Սրբությանն ուղեկցում էին Երեւանի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգեւոր հովիվ Տ. Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը, Մայր Աթոռի փոխդիվանապետ Տ. Մեսրոպ աբեղա Պարսամյանը, Նորին Սրբության գավազանակիր Տ. Հովնան աբեղա Հակոբյանը եւ Տեղեկատվական համակարգի տնօրեն Տ. Վահրամ քհն. Մելիքյանը:
Օծման արարողությանը ներկա էին բարձրաստիճան պաշտոնյաներ, Տավուշի մարզի իշխանությունների ներկայացուցիչներ, Ակնաղբյուրի բնակիչներ: