Ամենայն Հայոց Կաթողիկոսն հրաժեշտ տվեց ՀՀ-ում Հունաստանի դեսպանին
Սեպտեմբերի 29-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում իր դիվանագիտական առաքելությունն ավարտած` Հունաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Անտոնիոս Վլավիանոսին եւ Հույն Ուղղափառ Եկեղեցու` «Համերաշխության զարգացման» կազմակերպության գործադիր տնօրեն Դիմիտրիոս Ֆուրլեմադիսին:
Վեհափառ Հայրապետը բարձր գնահատեց դեսպանի եռամյա գործունեությունը Հայաստանում: «Մեր ժողովուրդների բարեկամությունը եւ եղբայրությունը կերտվել է թշնամիների պատճառած բազում տառապանքների եւ դժվարությունների մեջ: Եվ այսօր գալիքին առնչվող բազում իղձերը նույնական են մեր ժողովուրդների համար»,- նշեց Հայոց Հայրապետը` անդրադառնալով երկու ժողովուրդների միջեւ առկա դարավոր կապերին: Նորին Սրբությունը դեսպանին մաղթեց սպասավորության բարի արդյունքներով լեցուն քաջառողջ բազում տարիներ:
Այնուհետեւ Դիմիտրիոս Ֆուրլեմադիսը Նորին Սրբությանը փոխանցեց Աթենքի եւ Համայն Հունաստանի Արքեպիսկոպոս Քրիստոդուլոսի եղբայրական ողջույնն ու Հունաստան այցելելու հրավերը: Պրն. Ֆուրլեմադիսը Վեհափառ Հայրապետին ներկայացրեց նաեւ Հույն Ուղղափառ Եկեղեցու հովանավորությամբ իր կազմակերպության մատուցած ծառայությունը հայ ժողովրդին հատկապես առողջապահության ոլորտում: Ամենայն Հայոց Կաթողիկոսը, վերհիշելով Քրիստոդուլոս Արքեպսիկոպոսի հետ ունեցած իր հանդիպումը Հռոմում, իր հերթին Հայաստան այցելելու հրավեր ուղղեց նրան:
Հանդիպման ընթացքում խոսվեց Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու եւ Հույն Ուղղափառ Եկեղեցու միջեւ առկա ջերմ հարաբերությունների, ինչպես նաեւ առկա համագործակցության զարգացման հնարավոր ուղիների մասին: