Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր զորակցությունն է հայտնել Ասորի Ուղղափառ Եկեղեցու Պատրիարքին
Ապրիլի 26-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը գրություն է հղել Ասորի Ուղղափառ Եկեղեցու Պատրիարք Նորին Սրբություն Իգնատիոս Զակկա Իվասին` մտահոգություն հայտնելով օրեր առաջ Հալեպի մոտակայքում մարդասիրական առաքելություն իրականացնելու ժամանակ Ուղղափառ Եկեղեցու երկու միտրոպոլիտների` Նորին Սրբազնություն Հովհաննես Իբրահիմի և Նորին Սրբազնություն Պողոս Յազիգի առևանգման առիթով:
Վեհափառ Հայրապետի նամակում մասնավորապես ասվում է. «Խստորեն դատապարտում ենք բարձրաստիճան հոգևորականների առևանգումը: Միջկրոնական լարվածության հրահրումը և կրոնական անհանդուրժողականության սերմանումը չի նպաստում տարածաշրջանում իրավիճակի կայունացմանը: Լիահույս ենք, որ հոգևոր այրերը ազատ կարձակվեն ապահով և անվնաս»:
Նամակում Նորին Սրբությունը նաև իր զորակցությունն է հայտնել Պատրիարքին և հույս հայտնել, որ քաղաքակրթությունների ու կրոնների երկխոսության ավանդույթներով հարուստ Սիրիայում շուտով կդադարեն հակամարտություններն ու բախումները: