Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց 4-րդՀամահայկական խաղերին մասնակցող Վիեննայի խմբին
Օգոստոսի 22-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց 4-րդՀամահայկական խաղերի առիթով Վիեննայից ժամանած շուրջ վաթսուն երիտասարդների:
Ուրախություն հայտնելով Վիեննայի համայնքի ներկայացուցիչներին տեսնելու առիթով` Նորին Սրբությունն իր օրհնությունն ու բարեմաղթանքները փոխանցեց խմբի անդամներին:
Հանդիպմանը Վեհափառ Հայրապետը վերհիշեց Վիեննայում իր ուսումնառության եւ հոգեւոր ծառայության տարիները, անդրադարձավ Եկեղեցու կարեւոր դերակատարությանը համայնքային կյանքից ներս: «...Սիրեցե'ք ձեր Եկեղեցին, Հայոց Եկեղեցուն փարված եղե'ք, ապրե'ք Եկեղեցիով: Այս Եկեղեցին երաշխիքն է ձեր հարատեւության, ազգային գոյության»,- ասաց Նորին Սրբությունը` հորդորելով երիտասարդներին հավատարիմ մնալ մեր ազգային-հոգեւոր արժեքներին, հայոց լեզվին եւ հավատին: