Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց միջազգային գիտաժողովի մասնակիցներին
Սեղմել այստեղ` Տեսահոլովակը դիտելու համար
Ապրիլի 14-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, իր աշխատանքները շարունակող «Կոմունիզմի «դասերն» Եկեղեցիներին» միջազգային գիտաժողովի մասնակիցներին ընդունեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը:
Հանդիպմանը Հայոց Հայրապետը ներկայացրեց Մայր Աթոռի եւ առհասարակ Հայ Եկեղեցու դերն ու նշանակությունն աշխարհասփյուռ հայության կյանքում: Ի մասնավորի Նորին Սրբությունն անդրադարձավ Եկեղեցու հանդեպ խորհրդային իշխանությունների դրսեւորած ժխտական վերաբերմունքին եւ բացասական ազդեցությանը հոգեւոր կյանքի վրա, ինչպես նաեւ այդ շրջանում Եկեղեցու առջեւ ծառացած դժվարություններին: «Այդ ժխտական կեցվածքի պայմաններում նույնիսկ մենք կարողանում էինք գոնե նվազագույն գոյապահպանություն ապահովել Եկեղեցու համար շնորհիվ լուսահոգի Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի, ով կարողացել էր տեղի պետական եւ կուսակցական առաջնորդների հետ իր հարաբերությունների շնորհիվ մեղմացնել Եկեղեցու վրա դրված որոշ սահմանափակումներ», - ասաց Վեհափառ Հայրապետը` հավելելով, որ Եկեղեցին դեռ շատ անելիքներ ունի` կոմունիստական իշխանությունների ժամանակաշրջանին գործված հոգեւոր ավերները վերացնելու ուղղությամբ:
Գիտաժողովի մասնակիցներն երախտագիտություն հայտնեցին Վեհափառ Հայրապետին իրենց ընդունելու եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալելու համար:
Նույն օրը, գիտաժողովի երրորդ նիստին, բանախոսություններով հանդես եկան «Կիրյապայա» հրատարակչության խմբագիր, Հելսինկիի համալսարանի գիտաշխատող դոկտոր Պիա Լատվալան («Ֆինլանդիայի լութերականների պաշտոնական եւ ոչ պաշտոնական ընդդիմությունը Կոմունիզմի դեմ Երկրորդ Համաշխարհային պատերազմից հետո») եւ Մոսկվայի Պատրիարքարանի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի աշխատակից Տ. Ալեքսանդր քահանա Վասյուտինը («Ռուս Ուղղափառ Եկեղեցին 20-րդ դարում. Խորհրդային ժամանակաշրջանից քաղված դասերը»):