Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց մասնավոր վարդապետության աստիճանի արժանացած հոգևորականներին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց մասնավոր վարդապետության աստիճանի արժանացած հոգևորականներին 07.04.2013
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց մասնավոր վարդապետության աստիճանի արժանացած հոգևորականներին

     Ապրիլի 6-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Օշականի Սբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում ձեռամբ Վանական խորհրդի տնօրեն Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Տ. Վարդան աբեղա Նավասարդյանը, Մայր Աթոռի պաշտոնական մամուլի գրասենյակի տնօրեն Տ. Շահե աբեղա Անանյանը, Տաթևի վանքի վանահայր Տ. Միքայել աբեղա Գևորգյանն ու Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի Ծիսա-հայեցակարգային հարցերի գրասենյակի Տ. Զաքարիա աբեղա Բաղումյանը ստացան մասնավոր վարդապետության աստիճան:  
     
Նույն օրը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նորընծա վարդապետներին ընդունեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը` նրանց բերելով իր օրհնությունն ու շնորհավորանքները: Ուրախություն հայտնելով տվչության առիթով` Նորին Սրբությունը մասնավորապես ընդգծեց անհրաժեշտությունը հավատքի խորը ապրում և խոնարհ սիրտ ու հոգի  ունեցող եկեղեցականների` նշելով, որ առանց խոնարհության ու ծառայանվիրումի գիտելիքները չարիք են դառնում անձի համար` նրանում զորացնելով մեծամտությունը: Վեհափառ Հայրապետը հորդորեց Հայր Վարդանին, Շահեին, Միքայելին ու Զաքարիային վարդապետության այս նոր հանգամանքի մեջ առավել պատասխանատվությամբ և եռանդով ծառայել` ի պայծառություն Հայոց Եկեղեցու և ի բարօրություն մեր ժողովրդի:
     Վերջում հայցելով Աստծու ամենառատ շնորհներն ու զորակցությունը նորընծաներին իրենց առաքելության այդ նոր ճանապարհին` Ամենայն Հայոց Կաթողիկոսը «Պահպանիչ» աղոթքով օրհնեց վարդապետներին և նրանց շնորհեց  վարդապետական լանջախաչեր: