Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց հայ-ռումինական գործարար համաժողովի մասնակիցներին
Հուլիսի 12-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Երևանում անցկացվող հայ-ռումինական գործարար համաժողովի մասնակիցներին:
Վեհափառ Հայրապետը, ողջունելով հայ և ռումին գործարարներին, կարևորեց նման համաժողովների անցկացումը` նշելով, որ դրանք ոչ միայն ավելի են ամրապնդում երկու ժողովուրդների բազմադարյա հարաբերությունները, այլև գործնականում նպաստում են երկրների միջև տնտեսական կապերի աշխուժացմանը և արդյունավետ համագործակցության հաստատմանը:
Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր խոսքում ընդգծեց Ռումինիայի հայ համայնքի և հայոց թեմի դերակատարությունն երկու ժողովուրդների բարեկամության զորացման գործում` գոհունակություն հայտնելով նաև Ռումինիայի կյանքի տարբեր ոլորտներում հայորդիների բերած կարևոր ներդրումի համար:
Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց Հայ Առաքելական և Ռումին Ուղղափառ Եկեղեցիների ջերմ հարաբերություններին, հովվապետերի փոխադարձ եղբայրական այցերին:
Վերջում Նորին Սրբությունը, իր օրհնությունը բերելով համաժողովի մասնակիցներին, հաջողություններ մաղթեց նրանց օգտաշատ նախաձեռնությանը` ի բարօրություն երկու երկրների: