Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց կարդինալ Ջանֆրանկո Ռավասիին

Հունիսի 21-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայաստան ժամանած Մշակույթի պապական խորհրդի, Կաթոլիկ Եկեղեցու մշակութային ժառանգության եւ սրբազան հնեագիտության հանձնաժողովների նախագահ կարդինալ Ջանֆրանկո Ռավասիին` ուղեկցությամբ Անդրկովկասում պապական նվիրակ Կլաուդիո արքեպիսկոպոս Գուջերոտիի:

Հանդիպման ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսն անդրադարձավ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի եւ Վատիկանի միջեւ ձեւավորված սերտ եւ ջերմ հարաբերություններին ու համագործակցությանըª ընդգծելով, որ նման փոխայցերով նորոգվում եւ զորանում են երկու Եկեղեցիների կապերը: Նորին Սրբությունն արդյունավոր օրեր մաղթեց կարդինալ Ռավասիին Հայաստանում` վստահություն հայտնելով, որ այցի ընթացքում ՀՀ Մշակույթի նախարարության հետ նոր համագործակցություն կձեւավորվի եւ կյանքի կկոչվեն համատեղ զանազան ծրագրեր:

Իր հերթին Մշակույթի պապական խորհրդի նախագահը կարեւորեց այցը Հայաստան, որն սկսվում է Ամենայն Հայոց Կաթողիկոսի ընդունելությամբ, ապա անդրադարձավ հայ մշակույթի հետ իր ունեցած շփումներին:

Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսն ու կարդինալ Ջանֆրանկո Ռավասին անդրադարձան նաեւ Եկեղեցիների առջեւ ծառացած տարբեր մարտահրավերներին: Նորին Սրբությունը կարդինալի միջոցով իր եղբայրական սերն ու ողջույնները փոխանցեց Հռոմի Բենեդիկտ ԺԶ պապին:

Հանդիպմանը ներկա էր Մայր Աթոռի միջեկեղեցական հարաբերությունների պատասխանատու Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը: