Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց կաթոլիկ ուխտավորների
Մայիսի 23-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ֆրանսիայից ժամանած ուխտավորների` գլխավորությամբ Ֆրանսիայում Հռոմեակաթոլիկ Եկեղեցու Թուլոնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Ժոզեֆ եպիսկոպոս Մեդեկի:
Ընդունելության սկզբին Ժոզեֆ եպիսկոպոսը շնորհակալություն հայտնեց Ամենայն Հայոց Կաթողիկոսին հանդիպման հնարավորության համար եւ ներկայացրեց ուխտավորներին: «Եկել ենք հաղորդ դառնալու Հայ Եկեղեցու բազմադարյա սրբություններին, այցելելու ձեր վանքերն ու եկեղեցիները, առավել ծանոթանալու հայ մշակույթին ու պատմությանը»,- նշեց եպիսկոպոս Մեդեկն իր խոսքում` մասնավորաբար անդրադառնալով Թուլոնում հայ եւ կաթոլիկ եկեղեցականների միջեւ առկա ջերն հարաբերություններին ու համագործակցությանը:
Իր խոսքում Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ուխտավորներին ներկայացրեց Հայ Եկեղեցու պատմության որոշ դրվագներ, անդրադարձավ Հայ Եկեղեցու հոգեւոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի առաքելությանը համայն հայության կյանքում: Վեհափառ Հայրապետը նաեւ գոհունակություն հայտնեց այն ջերմ հարաբերությունների համար, որ առկա են Հայ եւ Հռոմեակաթոլիկ եկեղեցիների միջեւ:
Հանդիպմանը խոսվեց դարերի փորձություն բռնած հայ եւ ֆրանսիական բարեկամության եւ ներկայիս երկու պետությունների միջեւ ծավալվող արդյունաշատ համագործակցության մասին: Նորին Սրբությունը գնահատանքով անդրադարձավ նաեւ այն աջակցությանը, որ Ֆրանսիայի իշխանությունները մասնավորաբար ցուցաբերել են Հայաստանի նկատմամբ անկախության օրերից ի վեր կյանքի տարբեր որլորտներում:
Վերջում Նորին Սրբությունը պատասխանեց ուխտավորների հացերին:
Հանդիպումն ավարտվեց Տերունական աղոթքով, ապա Ամենայն Հայոց Հայրապետն օրհնեց ուխտավորներին: