Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց կաթոլիկ ուխտավորների

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց կաթոլիկ ուխտավորների 17.04.2015
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց կաթոլիկ ուխտավորների

     Ապրիլի 17-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Կաթոլիկ Եկեղեցու ուխտավոր հոգևորականների` առաջնորդությամբ Իտալիայի Բերգամոյի թեմի առաջնորդ Ֆրանչեսկո եպիսկոպոս Պեսկիի:
     Ջերմ ընդունելության համար շնորհակալություն հայտնելով Ամենայն Հայոց Հայրապետին` Բերգամոյի եպիսկոպոսը ներկայացրեց ուխտագնացության ընթացքում ստացված իրենց հարուստ տպավորությունները: Իր խոսքում Ֆրանչեսկո եպիսկոպոսը նաև ուրախություն հայտնեց, որ Հայոց Ցեղասպանության զոհերի սրբադասման նախօրեին խմբի` Հայաստան կատարած այցը պսակվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ հանդիպումով:
     Այնուհետև ուխտավորներին իր օրհնությունն ու պատգամը բերեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը` հանգամանորեն ներկայացնելով Հայ Եկեղեցու պատմական ուղին` քրիստոնեությունը պետական կրոն հռչակվելուց մինչ ներկայիս օրերը, Եկեղեցու առջև ծառացած ժամանակակից մարտահրավերներն ու խնդիրները:
     Նորին Սրբությունը խոսեց նաև Հայ Առաքելական և Կաթոլիկ Եկեղեցիների միջև ձևավորված սերտ գործակցության ու առկա եղբայրական ջերմ հարաբերությունների մասին: Այս առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոսն անդրադարձ կատարեց Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով Ֆրանցիսկոս Պապի կողմից ապրիլի 12-ին Հռոմի Սուրբ Պետրոսի տաճարում մատուցված պատարագին: Նորին Սրբությունն ընդգծեց, որ հայ ժողովուրդը երախտագետ զգացումներով է ընդունել Հռոմի Սրբազան Քահանայապետի այս քայլը, որը մեծ զորակցություն էր համայն հայ ժողովրդին:
     Վեհափառ Հայրապետը նաև պատասխանեց կաթոլիկ եկեղեցականների հարցերին, որոնք վերաբերում էին Հայ Եկեղեցու առաքելությանը, հոգևորականների պատրաստությանը, քրիստոնեական դաստիարակության խնդիրներին և Եկեղեցու սոցիալական ծառայությանը:
     Հանդիպմանը ներկա էին Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, Իտալիայի հոգևոր հովիվ Տ. Թովմա աբեղա Խաչատրյանը: