Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց կաթոլիկ ուխտավորներին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց կաթոլիկ ուխտավորներին   Օգոստոսի 28-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Կաթոլիկ Եկեղեցու Ավստրիայի Գրաց Սեկուա և Գուրկի թեմերից Հայաստան ժամանած 37 ուխտավորների` առաջնորդությամբ Բադ Սուզեի հոգևոր հովիվ հայր Էդմունդ Մուհրերի: Խմբի Հայաստան այցելության նպատակը հայ ժողովրդի հոգևոր և մշակութային արժեքներին հաղորդակից դառնալն է:
Ողջունելով ուխտավորների այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին` Վեհափառ Հայրապետն իր օրհնությունն ու բարեմաղթանքները բերեց խմբի անդամներին: Նորին Սրբությունն իր խոսքում անդրադարձավ Ավստրիայում իր ուսումնառության տարիներին և հիշողություններին:
Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց Հայրապետը պատասխանեց նաև ուխտավորներին հետաքրքրող հարցերին, որոնք հիմնականում վերաբերում էին եկեղեցի-պետություն հարաբերություններին, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ծիսական և էկումենիկ կյանքին: 
Հանդիպմանը ներկա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների գրասենյակի տնօրեն Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը կաթոլիկ ուխտավորներին հանգամանորեն ներկայացրեց Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու հարաբերությունները Քույր Եկեղեցիների, մասնավորապես Կաթոլիկ Եկեղեցու հետ, տեղեկացրեց երկու Եկեղեցիների միջև առկա համագործակցության մասին սոցիալական ոլորտում:
Հանդիպումից հետո ուխտավորները Մայր Տաճարում մասնակցեցին Ս. Պատարագի արարողությանը: