Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց իսպանացի կաթոլիկ ուխտավորների
Նոյեմբերի 27-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց իսպանացի կաթոլիկ ուխտավորների` ուղեկցությամբ Հայաստանի Հանրապետությունում Իսպանիայի Թագավորության պատվավոր հյուպատոս Արմինե Ադամյանի:
Հանդիպման սկզբում տիկին Ադամյանը Վեհափառ Հայրապետին ներկայացրեց հյուրերին և նրանց այցելության նպատակը, այն է` խորապես ճանաչել Հայաստանը որպես հարուստ մշակույթ ունեցող հնագույն քրիստոնյա երկիր:
Ողջունելով ուխտավորների այցը համայն հայության հոգևոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին` Նորին Սրբությունը նրանց ներկայացրեց Հայ Եկեղեցու պատմությունը: Անդրադառնալով հայ ժողովրդի կյանքում Հայոց Եկեղեցու ունեցած առանձնահատուկ դերակատարությանը, Մայր Աթոռի քարոզչական գործունեությանն ու հոգևոր-կրթական աշխատանքներին` Վեհափառ Հայրապետը ընդգծեց Եկեղեցու առաքելության կարևորությունը հատկապես բազում մարտահրավերներով լի ներկա ժամանակաշրջանում:
Այնուհետև Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատասխանեց ուխտավորների հարցերին, որոնք վերաբերում էին Հայ և Կաթոլիկ Եկեղեցիների հարաբերություններին, հասարակության հոգևոր կյանքին ու Հայոց ցեղասպանության ճամաչման և դատապարտման գործընթացին: