Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց թշնամու գնդակից հրազենային վնասվածք ստացած հոգևորականին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց թշնամու գնդակից հրազենային վնասվածք ստացած հոգևորականին 04.09.2015
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց թշնամու գնդակից հրազենային վնասվածք ստացած հոգևորականին

     Սեպտեմբերի 4-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց սույն թվականի օգոստոսի 11-ին ԼՂՀ հյուսիս-արևելյան հատվածի զորամասերից մեկի ուղղությամբ հակառակորդի կողմից իրականացված հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձի հետևանքով գլխի հրազենային վնասվածք ստացած ՀՀ ԶՈՒ հոգևոր սպասավոր Բարեշնորհ Հովհաննես սարկավագ Գալստյանին` Հայոց բանակի հոգևոր առաջնորդ Գերաշնորհ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի ուղեկցությամբ:
     Հանդիպմանը Նորին Սրբությունն իր օրհնությունը փոխանցեց Հովհաննես սարկավագ Գալստյանին` շուտափույթ ապաքինում մաղթելով նրան:
     Վեհափառ Հայրապետը, փառք տալով Երկնավորին, որ Տիրոջ ողորմությամբ կանխվել է Հովհաննես սարկավագի կյանքին սպառնացող վտանգը, շեշտեց, որ Հայ Եկեղեցու ամեն մի հավատացյալ և հոգևորական հպարտ է Հովհաննես սարկավագի դրսևորած արի ոգով ու խիզախ պահվածքով:
     Գնահատանքով անդրադառնալով Հայոց բանակում հայ հոգևորականների առաքելությանը` Նորին Սրբությունը նշեց, որ մեծ մխիթարություն է տեսնել` ինչպես են Հայ Եկեղեցու հոգևորականները, ի դեմս Հովհաննես սարկավագի, իրենց նվիրյալ ու նախանձախնդիր ծառայությունն իրականացնում` սպասավորելով հայ զինվորին, անգամ մարտական դիրքերում մշտապես կանգնած լինելով նրա կողքին և նրա հետ հաճախ հայտնվելով կյանքի և մահվան սահմանագծում:
     Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև գոհունակությամբ ողջունեց Հովհաննես սարկավագի որոշումը` շարունակելու իր ծառայությունը Հայոց բանակին և Հայրենիքին:
     Ներկայիս Հայոց բանակի հոգևոր առաջնորդության կազմում, ՀՀ և ԼՂՀ տարբեր զորամասերում իրենց ծառայությունն են բերում 52 եկեղեցական: