Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց դերասան Ալեն Դելոնին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց դերասան Ալեն Դելոնին 18.12.2012
Ալեն Դելոնը Մայր Աթոռում

     Դեկտեմբերի 18-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ֆրանսիացի աշխարհահռչակ դերասան Ալեն Դելոնին:
     Հանդիպմանն Ամենայն Հայոց Կաթողիկոսը հյուրին ներկայացրեց Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և Մայր Աթոռի պատմական առաքելությունը հայ ժողովրդի կյանքում, անդրադարձ կատարեց նաև հայ և ֆրանսիացի ժողովուրդների դարավոր բարեկամությանը և դրա ամրապնդման գործում Ֆրանսիայի հայ համայնքի կարևոր դերակատարությանը:
     Զրույցի ընթացքում Նորին Սրբությունը, ընդգծելով, որ հայորդիները մշտապես առանձնակի համակրանքով ու սիրով են դիտել Ալեն Դելոնի ֆիլմերը, իր գնահատանքը հայտնեց նրան մարդկությանը մատուցած ծառայությունների համար: 
     Հանդիպման ավարտից հետո մեծանուն դերասանն այցելեց Մայր Աթոռի թանգարաններ և ծանոթացավ հայ ժողովրդի ազգային-հոգևոր գանձերին: