Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց գերմանացաի ուխտավորների
Հուլիսի 13-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց մի խումբ գերմանացի ուխտավորների` առաջնորդությամբ Գերմանիայի եպիսկոպոսաց ժողովի մամլո խոսնակ Մատթիաս Քոֆֆի:
Շնորհակալություն հայտնելով Նորին Սրբությանն ընդունելության համար` Մատթիաս Քոֆֆն ուրախություն հայտնեց, որ մոտիկից կարողանում են ծանոթանալ Հայ Առաքելական Եկեղեցու դարավոր պատմությանն ու հոյակերտ եկեղեցիներին:
Ապա գերմանացի ուխտավորներին իր օրհնությունն ու բարեմաղթանքը փոխանցեց Վեհափառ Հայրապետը: Նորին Սրբությունը հյուրերին ներկայացրեց Հայ Եկեղեցու պատմությունն ու ներկա գործունեությունը: Անդրադառնալով հայոց ցեղասպանության եւ խորհրդային անաստվածության տարիների հետեւանքով առաջացած դժվարություններին` Վեհափառ Հայրապետն ընդգծեց, որ այսօր էլ եկեղեցին կանգնած է բազում մարտահրավերների առաջ: Հայոց Հայրապետը նշեց, որ Հայոց Եկեղեցու համար այսօր առաջնային են քրիստոնեական դաստիարակությունը, հոգեւորականների պատրաստությունը, խոնարհված եկեղեցիների վերականգնումն ու նորերի կառուցումը: Նորին Սրբությունն նաեւ ուրախությամբ արձանագրեց, որ վերջին շրջանում հոգեւոր վերազարթոնք է ապրում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը եւ Հայ Առաքելական Եկեղեցին` հույս հայտնելով, որ Աստծո օգնականությամբ եւ ջանադիր աշխատանքի շնորհիվ հնարավոր կլինի հաղթահարել եկեղեցու առաջ ծառացած շատ մարտահրավերներ:
Վերջում Հայոց Հայրապետը պատասխանեց ներկաների հարցերին: