Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ապակենտրոնացված համագործակցության հայ-ֆրանսիական համաժողովի մասնակիցներին
Հոկտեմբերի 8-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ապակենտրոնացված համագործակցության հայ-ֆրանսիական համաժողովի մասնակիցներին:
Նորին Սրբությունը գոհունակություն հայտնեց հայ-ֆրանսիական կապերի շարունակական զարգացման համար, որի շարժիչը երկու ժողովուրդների բարեկամության ոգին է: Վեհափառ Հայրապետը մեծապես կարեւորեց Հայաստանի եւ Ֆրանսիայի քույր քաղաքների միջեւ համագործակցությունը, որ պտղաբերում է նորանոր իրագործումներով:
Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր խոսքում նաեւ երախտագիտություն հայտնեց Ֆրանսիայի ժողովրդին եւ իշխանություններին հայ ժողովրդին ցուցաբերած զորակցության համար, մասնավորապես, Ցեղասպանության ճանաչման ու դատապարտման գործում, ինչը կարեւոր է թե° հայ ժողովրդի նկատմամբ արդարության հաստատման եւ թե° հետագա նման ողբերգությունների կանխարգելման համար:
Հանդիպմանը անդրադարձ կատարվեց նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերին, ինչպես նաեւ Հայ Եկեղեցու գործունեությանը եւ ներգրավվածությանը միջկրոնական երկխոսության մեջ: