Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց աշխարհի եզդիների հոգեւոր բարձրագույն առաջնորդին
Սեպտեմբերի 28-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հյուսիսային Իրաքից Հայաստան ժամանած աշխարհի եզդիների հոգեւոր բարձրագույն առաջնորդ Միրե-Միրա Թախսին Բեգի գլխավորած պատվիրակությանը:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը ողջունեց աշխարհի եզդիների հոգեւոր առաջնորդի այցը Հայաստան եւ Մայր Աթոռ Ս. Էջմիածին` ի դեմս եզդիների հոգեւոր առաջնորդի շնորհավորելով հայաստանաբնակ եզդիներին` սեպտեմբերի 29-ին Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղում սրբատեղիի օրհնության առիթով: Իր խոսքում Նորին Սրբությունը ուրախությամբ անդրադարձավ երկու ժողովուրդների միջեւ ձեւավորված եղբայրական հարաբերություններին` նշելով նաեւ, որ եզդի ժողովրդի զավակները լիիրավ ինտեգրված են Հայաստանի կյանքին:
Հանդիպման ընթացքում Միրե-Միրա Թախսին Բեգը կարեւորեց երկու ժողովուրդների դարավոր բարեկամությունը` գոհունակություն հայտնելով, որ եզդիները ազատորեն ապրում են իրենց ազգային-կրոնական կյանքով, ինչի վկայությունն է Արմավիրի մարզում բացվելիք սրբավայրը:
Հանդիպմանը ներկա էին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը եւ Իրաքի հայոց թեմի թեմական խորհրդի ատենապետ Պարույր Հակոբյանը:
Հանդիպումից հետո պատվիրակությունն այցելեց Մայր Աթոռի թանգարաններ, ծանոթացավ հայ ժողովրդի ազգային-հոգեւոր արժեքներին: