Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին
Հունիսի 15-ին Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Կրթության, գիտության, ազգային փոքրամասնությունների եւ կրոնի գծով ՀՀ նախագահի խորհրդականին կից ստեղծված ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներից կազմված մարմնի անդամներին` ուղեկցությամբ կրթության, գիտության, ազգային փոքրամասնությունների եւ կրոնի գծով ՀՀ նախագահի խորհրդական տիար Սերգո Երիցյանի: Հանդիպմանը մասնակցում էին ներկայացուցիչներ ռուսական, ասորական, հրեական, եզդիական, քրդական, ուկրաինական, բելառուռական, լեհական, վրացական եւ հունական համայնքներից:
Հանդիպման կարեւորությանն անդրադարձավ տիար Սերգո Երիցյանը` շնորհակալություն հայտնելով Վեհափառ Հայրապետին ընդունելության եւ ցուցաբերած ուշադրության համար: «Մենք գիտենք, որ Դուք Ձեր գործունեության մեջ երբեւէ տարբերություն չեք դրել, այլ ընդհակառակը` միշտ զորացրել եք ժողովուրդների միջեւ բարեկամության ոգին»,- նշեց ՀՀ նախագահի խորհրդականը` կարեւորելով նաեւ համագործակցությունը Հայ Եկեղեցու հետ: Տեղեկացվեց, որ ստեղծված մարմինը հնարավորություն է ընձեռում ազգային փոքրամասնություններին` ներկայացնելու իրենց խնդիրները, նաեւ որ հիմնվել է կրթամշակութային կենտրոն, ուր տարբեր համայնքների ներկայացուցիչներ հնարավորություն են ստանում կազմակերպելու իրենց միջոցառումները:
Ապա իր պատգամը ներկաներին ուղղեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Վեհափառ Հայրապետն իր գոհունակությունը հայտնեց նման համախումբ հանդիպման համար եւ հայ ժողովրդի եւ հայրենի պետության հանդեպ կատարված բարի եւ դրական արտահայտությունների համար: Նորին Սրբությունը ողջունեց այն հոգածու մոտեցումն ու վերաբերմունքը, որ իշխանությունների կողմից դրսեւորվում է ազգային փոքրամասնությունների նկատմամբ: «Ուրախալի է, որ դուք ունեք բոլոր հնարավորություններն ու կարողությունները ձեր ազգային ավանդությունները, լեզուն, մշակույթն ու արժեքները պահպանելու եւ լինելու հպարտ քաղաքացիները այս երկրի: Ձեր ներկայությամբ այստեղ դուք կամուրջ եք, դեսպաններն եք ձեր ժողովուրդների, բարեկամական կամուրջ եք, որ նետված է եղբայրության ու սիրո ոգին զորացնելու եւ հայ ժողովուրդը նաեւ ճանաչելի դարձնելու ձեր ժողովուրդներին»,- նշեց Նորին Սրբությունը` հորդորելով նրանց պահպանել ազգային իրենց դիմագիծը եւ իբրեւ հավատարիմ քաղաքացիներ իրենց կարելին ներդնել ի բարօրություն Հայաստանի:
Հանդիպման ավարտին Նորին Սրբությունը պատասխանեց ներկաների հարցերին: