Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի անդամներին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի անդամներին  06.12.2013
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի անդամներին

      Դեկտեմբերի  6-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ֆրանսիա-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի ներկայացուցիչներին` գլխավորությամբ խմբի ղեկավար Ռընե Ռուքեի և ուղեկցությամբ ԱԺ պատգամավոր Արա Բաբլոյանի: Խմբի կազմում էին նաև բարեկամության  խմբի ղեկավարի տեղակալներ Վալերի Բուայեն, Գի Տիսիեն և  բարեկամության խմբի վարչական քարտուղար Ժան-Պիեռ Դելանոյան:
     Զրույցի ընթացքում Հայոց Հայրապետն իր օրհնությունն ու գնահատանքը բերեց Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի անդամներին` կարևորելով վերջիններիս կողմից հայ ժողովրդի նկատմամբ ցուցաբերվող ազնիվ օգտակարությունն ու նվիրումը: Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ընդգծելով այն արդյունավոր համագործակցությունը, որ ձևավորվել է շնորհիվ Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի,  հույս հայտնեց, որ այն մշտապես պիտի նպաստի բարեկամ երկու ժողովուրդների հարաբերությունների զորացմանը:
     Այնուհետև, խմբի ղեկավար Ռընե Ռուքեն անդրադարձ կատարեց եղբայրական կապերի առավել սերտացման ծրագրերին և խմբի առաքելությանը:
     Հանդիպմանն Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատասխանեց Ֆրանսիայի պատգամավորների հարցերին, որոնք վերաբերում էին Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցի առիթով Հայ Եկեղեցու կողմից իրականացվելիք միջոցառումներին, ինչպես նաև հայ-թուրքական ու հայ-ադրբեջանական հարաբերություններին: Զրույցի ընթացքում մտահոգություն արտահայտվեց Սիրիայում տիրող ծանր իրավիճակի և քրիստոնեական համայնքների վտանգված լինելու մասին, անդրադարձ կատարվեց սիրիահայ համայնքին, ինչպես նաև` Հայաստանում ապաստան գտած սիրիահայությանը Հայ Եկեղեցու կողմից ցուցաբերվող զորակցությանը: