Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ֆրանսիայի Բուժ դյու Րոն նահանգի սենատորին
Հոկտեմբերի 24-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Ֆրանսիայի Բուժ դյու Րոն նահանգի սենատոր Ժան Նոել Գերինիին:
Ողջունելով սենատորին` Ամենայն Հայոց Կաթողիկոսն անդրադարձավ Բուշ դյու Րոն նահանգի և Մայր Աթոռի Ս. Էջմիածնի միջև մեկ տասնամյակից ավելի պատմություն ունեցող բարեկամական ջերմ հարաբերություններին:
Այս կապակցությամբ Նորին Սրբությունը գոհունակությամբ նշեց, որ 2003 թ. Ժան Նոել Գերինիի հովանավորությամբ Մայր Աթոռում հիմնադրված և Մարսելի «Բարձունք 5165» բարեգործական կազմակերպության ջանքերով գործող ատամնաբուժարանը շարունակում է իր օգտակար ծառայությունը բերել Էջմիածին քաղաքի և շրջակայքի բնակչությանը: Վեհափառ Հայրապետը նաև իր գնահատանքը հայտնեց տիար Ժան Նոել Գերինիին` հայ մանուկների առողջության վերականգնմանն ուղղված նրա ազնիվ ջանքերի համար:
Անդրադառնալով ապագա փոխհամագործակցությանը, ինչպես նաև Հայաստանում իրագործվելիք սոցիալական ծրագրերին` սենատորը, իր հերթին հաստատեց, որ շարունակելու է անել ամենը, որպեսզի հայ մանուկները երբեք չհիվանդանան և ապրեն առավել առողջ ու անվտանգ:
Հանդիպման ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսն Աստծու օրհնությունն ու զորակցությունը հայցեց, որպեսզի տիար Գերինիի բոլոր նվիրական իղձերն ու բարի ցանկությունները կյանքի կոչվեն:
Հանդիպմանը ներկա էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Հոգեշնորհ Տ. Շահե վարդապետ Անանյանը: