Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Քրիստոսի խաղաղություն» կազմակերպության ներկայացուցիչներին
Մայիսի 16-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց «Քրիստոսի խաղաղություն» (Pax Christi) միջազգային կաթոլիկ կազմակերպության Ավստրիայի մասնաճյուղի գլխավոր քարտուղարության ներկայացուցիչներին և անդամներին:
Հանդիպման սկզբում կազմակերպության քաղաքական ռեֆերենտ դոկտոր Ռիխարդ Հուսսլը, շնորհակալություն հայտնելով Նորին Սրբությանը հանդիպման հնարավորության համար, հակիրճ ներկայացրեց «Քրիստոսի խաղաղություն» կազմակերպության առաքելությունը և ներկայիս խաղաղարար գործունեությունը: Անդրադառնալով անցյալի խնդիրների հաղթահարմանն և հաշտեցման ուղիների որոնմանն ուղղված ծրագրերին` դոկտոր Ռիխարդ Հուսսլը տեղեկացրեց նաև կազմակերպության ջանքերով Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով Իննսբրուք քաղաքում կազմակերպված հիշատակի արարողությունների մասին, որոնց մասնակցություն բերեցին բազմաթիվ ավստրիացիներ:
Այնուհետև Վեհափառ Հայրապետն իր պատգամն ու օրհնությունը բերեց կաթոլիկ ուխտավորներին` մաղթելով, որ Հայաստան իրենց ուխտագնացության ընթացքում ներշնչվեն հայոց հոգևոր սրբություններով:
Նորին Սրբությունը ողջունեց աշխարհում խաղաղության և արդարության հաստատմանն ուղղված «Քրիստոսի խաղաղություն» կազմակերպության գործունեությունը` մասնավոր երախտագիտություն հայտնելով Ավստրիայում Հայոց Ցեղասպանության ճանաչման գործում կաթոլիկ կազմակերպության ունեցած կարևոր ներդրումի, ինչպես նաև հիշատակի արարողությունների կազմակերպման համար:
Ամենայն Հայոց Հայրապետն անդրադարձավ նաև Հայաստանյայց Առաքելական և Կաթոլիկ եկեղեցիների միջև ձևավորված ջերմ հարաբերություններին և գործակցությանը` դրա արտահայտություններից մեկը նկատելով նաև առաջիկա հունիս ամսին Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի այցը Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին:
Զրույցի ընթացքում Նորին Սրբությունը պատասխանեց ներկաների հարցերին, որոնք վերաբերում էին Եկեղեցու կրթադաստիարակչական գործունեությանը, Եկեղեցի-պետություն հարաբերություններին, ընտանիքին վերաբերող եկեղեցական հայեցակարգային ընկալումներին:
Մասնավոր անդրադարձ կատարվեց Եկեղեցիների խաղաղարար գործունեությանը: Այս կապակցությամբ խոսվեց ղարաբաղյան հակամարտության, սույն թվականի ապրիլին Լեռնային Ղարաբաղի սահմանի ողջ երկայնքով Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների, ինչպես նաև հոգևոր առաջնորդների կողմից խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերի մասին:
Վերջում Ամենայն Հայոց Հայրապետը «Քրիստոսի խաղաղություն» կազմակերպության անդամներին մաղթեց արգասաբեր գործունեություն, որպեսզի նաև նրանց ջանքերով աշխարհում վերջ գտնի անարդարությունը, բռնությունը և պատերազմի չարիքը:
Հանդիպմանը ներկա էր Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը: