Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Քուվեյթի շեյխուհի Շեյխա Ֆարիհա ալ-Ահմադ Ալ-Սաբահին
Մայիսի 13-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Քուվեյթի շեյխուհի, Քուվեյթի «Օրինակելի մայր» հիմնադրամի նախագահ Շեյխա Ֆարիհա ալ-Ահմադ Ալ-Սաբահի գլխավորած պատվիրակությանը` ուղեկցությամբ երկու երկրների դեսպանների:
Հանդիպման սկզբում Քուվեյթում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Ֆադեյ Չարչօղլյանը ներկայացրեց Շեյխայի այցելության նպատակը` նշելով, որ նա բարեգործական մեծ աշխատանքներ է իրականացնում տարբեր երկրներում` օգնություն ցուցաբերելով կարիքավոր ընտանիքներին:
Վեհափառ Հայրապետը, ողջունելով Քուվեյթի շեյխուհու այցը համայն հայության հոգեւոր կենտրոն, անդրադարձ կատարեց հայ ժողովրդի կյանքում, ինչպես նաեւ հայ ինքնության պահպանման գործում Հայոց Եկեղեցու ունեցած դերակատարությանը` ընդգծելով, որ յուրաքանչյուր հայորդի, որտեղ էլ որ նա ապրի, անբաժանելիորեն կապված է քրիստոսահիմն Ս. Էջմիածնի հետ: Ապա խոսելով հայ եւ արաբ ժողովուրդների դարավոր հարաբերությունների մասին` Նորին Սրբությունը նշեց, որ դրանք մշտապես հատկանշվել են ջերմ եղբայրությամբ եւ բարեկամությամբ, որ դարերի ընթացքում ձեւավորված գեղեցիկ ավանդույթների արտահայտություններն այսօր տեսանելի են Քուվեյթում:
Վեհափառ Հայրապետն ուրախություն հայտնեց, որ երկու երկրների միջեւ դիվանագիտական արդյունավետ հարաբերություններ են ձեւավորվել, որոնք գնալով ավելի սերտանում ու գործակցային են դառնում: Ամենայն Հայոց Կաթողիկոսն անդրադարձավ նաեւ Քուվեյթի հայկական համայնքին`գոհունակությամբ նշելով, որ ապրելով խաղաղ ու բարօր կյանքով` հայորդիներն իրենց կարեւոր ներդրումն են բերում Քուվեյթի կյանքի առաջընթացին: Ի դեմս Շեյխա Ֆարիհայի` Նորին Սրբությունն իր շնորհակալությունն ու գնահատանքը հայտնեց Քուվեյթի Էմիրին եւ իշխանություններին` հայկական համայնքի հանդեպ ցուցաբերվող հոգատար վերաբերմունքի համար: Վեհափառ Հայրապետն իր մասնավոր շնորհակալությունը հայտնեց նաեւ Շեյխա Ֆարիհային նրա մարդասիրական գործունեության համար` ընդգծելով, որ իրականացվող բարեգործությունը բարձր է գնահատվում բոլոր ժողովուրդների կողմից անկախ կրոնական պատկանելությունից:
Հանդիպման ընթացքում Շեյխա Ֆարիհան ուրախություն հայտնեց` Հայաստան եւ մասնավորապես Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին այցելելու կապակցությամբ: Իր խոսքում տիկին Ֆարիհան նաեւ անդրադարձավ Քուվեյթում առկա կրոնական հանդուրժողականության բարձր մակարդակին, ինչպես նաեւ երկրի տարբեր ոլորտների զարգացման գործում հայության կարեւոր դերակատարությանը: