Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Վրաստանի վարչապետին
Հունվարի 17-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի գլխավորած պատուիրակությանը` ուղեկցությամբ ՀՀ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի:
Հանդիպմանը Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ խոսեց երկու երկրների հարաբերությունների ներկա վիճակի մասին` վստահություն հայտնելով, որ Վրաստանի վարչապետի այցը Հայաստան նոր խթան կհանդիսանա միջպետական համագործակցության զարգացման համար:
Զրույցի ընթացքում Նորին Սրբությունը մասնավորապես անդրադարձավ Վրաստանում հայկական պատմական սրբավայրերի պատշաճ պահպանման ու վերականգնման, ինչպես նաեւ հայ համայնքի հոգեւոր կարիքների բավարարման համար անհրաժեշտ մի շարք հայկական եկեղեցիների` Վիրահայոց թեմին վերադարձնելու խնդրին: Ամենայն Հայոց Հայրապետը հույս հայտնեց, որ Վրաց պետության կողմից անհրաժեշտը կձեռնարկվի հիշեալ խնդիրներն ըստ պատշաճի լուծելու ուղղությամբ:
Վիրահայ համայնքի անունից Նորին Սրբութունը խնդրանքով դիմեց պրն. Իվանիշվիլիին, որպեսզի Վրաստանի հայկական դպրոցներում դասավանդվի «Հայ ժողովրդի պատմություն» առարկան: Վեհափառ Հայրապետը նաեւ միջնորդություն ներկայացրեց Վահագն Չախալյանի ազատ արձակման համար:
Իր հերթին, Վրաստանի վարչապետը, ուրախություն հայտնելով Մայր Աթոռ այցելության առիթով, խոսեց հայ-վրացական դարավոր բարեկամության մասին` ընդգծելով նաեւ, որ մեծ հարգանք է տածում հայ ժողովրդի նկատմամբ: Ապա, վարչապետն անդրադարձավ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից բարձրացված խնդիրներին` տեղեկացնելով, որ անձնապես հանձն է առնում եկեղեցիների նորոգությունը եւ անհրաժեշտ բոլոր քայլերն անմիջապես կձեռնարկվեն հայկական եկեղեցիների պահպանության ուղղությամբ: Տիար Իվանիշվիլին նաեւ հանձնարարական տվեց «Հայ ժողովրդի պատմություն» առարկայի դասավանդումը հայկական դպրոցներում կազմակերպելու համար, իսկ Վ. Չախալյանի առնչությամբ հայտնեց, որ խնդիրը քննարկման փուլում է:
Հանդիպմանը ներկա էին Մայր Աթոռի վանական խորհրդի նախագահ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, Վիրահայոց թեմի առաջնորդ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, Միջեկեղեցական հարաբերութիւնների բաժնի տնօրեն Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը եւ Վիրահայոց թեմի Ջավախքի փոխառաջնորդ Տ. Բաբկեն աբեղա Սալբիյանը: