Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Վրաստանի նախագահին
Փետրվարի 28-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիին` ուղեկցությամբ ՀՀ Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի: Հանդիպմանը ներկա էին Մայր Աթոռի դիվանապետ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը, Վիրահայոց թեմի առաջնորդ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը:
Ողջունելով Վրաստանի նախագահի և նրան ուղեկցող պատվիրակության այցը Հայաստան և Մայր Աթոռ Ս. Էջմիածին` Ամենայն Հայոց Կաթողիկոսն ուրախություն հայտնեց երկու երկրների միջև առկա համագործակցության առիթով և շեշտեց, որ նման փոխայցելություններն ավելի են նպաստում երկու ժողովուրդների ու պետությունների հարաբերությունների զորացմանը: Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդգծեց
միևնույն տարածաշրջանում կողք կողքի ապրող երկու հավատակից ժողովուրդների փոխադարձ զորակցության և եղբայրության ամրապնդման կարևորությունը, ինչին մշտապես ուղղված են եղել Հայ Եկեղեցու ջանքերը:
Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց Վրաստանի հայ համայնքին և նրա պատմական ու ներկայիս մեծ ներդրումին և դերակատարությանը երկրի տնտեսական, մշակութային, կրթական և այլ բնագավառներում: Իր խոսքում Ամենայն Հայոց Հայրապետը գոհունակություն հայտնեց Վիրահայոց թեմի և հայ համայնքի եկեղեցական հարցերի կարգավորման ուղղությամբ վերջին շրջանում սկսված դրական գործընթացների կապակցությամբ և վստահություն արտահայտեց, որ դրանք կառաջնորդեն հայորդիների հոգևոր կյանքի խնդիրների ամբողջական լուծմանը:
Վերջում Նորին Սրբությունն արդյունավոր գործունեություն մաղթեց տիար Գիորգի Մարգվելաշվիլիին` ի բարօրություն Վրաստանի և նրա հավատավոր ժողովրդի:
Հանդիպումից հետո Վրաստանի նախագահն այցելեց նաև Մայր Տաճար, եղավ Տաճարի ավանդատուն-թանգարանում: