Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Վրաստանի կրոնի հարցերով պետական գործակալության նախագահին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Վրաստանի կրոնի հարցերով պետական գործակալության նախագահին 09.03.2015
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Վրաստանի կրոնի հարցերով պետական գործակալության նախագահին

Մարտի 9-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Վրաստանի կրոնի հարցերով պետական գործակալության նախագահ Զազա Վաշակմաձեի գլխավորած պատվիրակությունը` ուղեկցությամբ ՀՀ Կառավարության աշխատակազմի ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի բաժնի պետ Վարդան Ասցատրյանի: Հանդիպմանը ներկա էր Վիրահայոց թեմի առաջնորդ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը:
Ողջունելով պատվիրակության այցը համայն հայության հոգևոր կենտրոն` Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր գոհունակությունը հայտնեց Վրաստանում կրոնի հարցերով պետական գործակալության ստեղծման կապակցությամբ:
Զրույցի ընթացքում Նորին Սրբությունն ու տիար Զ. Վաշակմաձեն մասնավոր անդրադարձ կատարեցին Վիրահայոց թեմին և Վրաց Ուղղափառ Եկեղեցուն հուզող հարցերին և խնդիրներին: Այս կապակցությամբ Վեհափառ Հայրապետը ողջունեց Վիրահայոց թեմի հետ ձևավորված գործակցությունը՝ հույս հայտնելով, որ նորաստեղծ գործակալության և եկեղեցական կառույցների համատեղ աշխատանքի շնորհիվ երկու ժողովուրդների դարավոր բարեկամության ոգուն համահունչ բարվոք լուծման կառաջնորդվեն առկա բոլոր խնդիրները:
Հանդիպմանը խոսվեց նաև Վրաստանում վերջին տասնամյակներին փլուզված հայկական եկեղեցիների վերականգնման ուղղությամբ պատկան կառույցների ձեռնարկած աշխատանքների ընթացքի, ինչպես նաև հայ համայնքի հոգևոր կարիքների բավարարման համար Վիրահայոց թեմին անհրաժեշտ հայոց պատմական սրբավայրերի վերադարձման հարցի մասին:
Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր ողջույնն ու բարեմաղթանքները փոխանցեց Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլիա Բ-ին: