Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Վրաստանի Խորհրդարանի նախագահին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Վրաստանի Խորհրդարանի նախագահին 25.02.2009

Փետրվարի 24-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի Խորհրդարանի նախագահ Դավիթ Բաքրաձեի գլխավորած պատվիրակությանը` ուղեկցությամբ ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար տիար Գեղամ Ղարիբջանյանի եւ երկու երկրների դեսպանների:

Նորին Սրբությունը գոհունակությամբ արձանագրեց, որ երկու երկրների միջեւ հարաբերությունները սերտ են եւ բարեկամական, եւ հույս հայտնեց, որ առկա խնդիրներն իրենց լուծումը կստանան եղբայրական սիրո եւ փոխադարձ հասկացողության մթնոլորտում:

Հանդիպմանը խոսվեց Հայ Առաքելական Եկեղեցու Վիրահայոց թեմի կարգավիճակի եւ հայկական եկեղեցիների վերադարձման խնդրի, ինչպես նաեւ վիրահայությանը հուզող այլ հարցերի մասին:

Հանդիպմանը ներկա էին Մայր Աթոռի դիվանապետ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը, Եկեղեցի-պետություն հարաբերությունների գրասենյակի պատասխանատու Տ. Մեսրոպ աբեղա Պարսամյանը: